Ռուսաստանում վառելիքի ճգնաժամը հարվածել է ներքին զբոսաշրջությանը
Հունիսին Ռուսաստանի տարածքում կազմակերպված զբոսաշրջային փաթեթների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,8%-ով։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով Ռուսաստանի զբոսաշրջության արդյունաբերության միության փոխնախագահ Դմիտրի Գորինին։
Ռուսական TravelLine ամրագրման ծառայության տվյալներով՝ հունիսին երկրի հյուրանոցներում ամրագրումների թիվը տարեկան կտրվածքով նվազել է 16%-ով։
CMWP ընկերության տեղեկություններով՝ Մոսկվայում հունիս–հուլիսի սկզբին հյուրանոցային ամրագրումները կրճատվել են մոտ 15%-ով՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Կրասնոդարի երկրամասում անկումը կազմել է 25%, իսկ Ռոստովի մարզում՝ 30%։
Դմիտրի Գորինի խոսքով՝ ամռանը Ռուսաստանում ներքին ճանապարհորդությունների շուրջ 50%-ը կատարվում է ավտոմեքենաներով։ Այս ֆոնին, «Իզվեստիա»-ի զրուցակցի՝ խոշոր հյուրանոցային օպերատորներից մեկի ներկայացուցչի գնահատմամբ, բենզինի պակասի պատճառով ներքին զբոսաշրջությունը փաստացի կանգ է առել։
Նրա խոսքով՝ հունիսի վերջին շաբաթվա ընթացքում, երբ Ռուսաստանի մի շարք շրջաններում հատկապես սրվել էր բենզինի պակասը, ամրագրումների չեղարկումների թիվը զգալիորեն աճել է։
«Մարդիկ նույնիսկ վախենում են մեկնել Մերձմոսկովյան շրջաններ, որպեսզի ճանապարհին առանց վառելիքի չմնան», — նշել է աղբյուրը։