Հերթերի կառավարման նոր համակարգ՝ Միգրացիայի ծառայությունում
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության լիազորությունների տիրույթում մատուցվող հանրային ծառայությունների հերթագրման համակարգը` migration.e-gov.am-ը, վերագործարկվել է։ Էլեկտրոնային հերթը բեռնաթափվել է, այսօրվանից հերթագրման համար հասանելի են առավել մեծ քանակությամբ պատուհաններ։
Միաժամանակ սպասարկումն իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով՝ հերթի ապարատով տրամադրվող կտրոնների միջոցով։
Ընդգծենք, որ առաջնահերթ սպասարկվում են առցանց հերթագրում ունեցողները, հետևաբար` հորդորում ենք քաղաքացիներին մոտենալուց առաջ առցանց հերթագրվել։
Առանց հերթագրման մոտեցող քաղաքացին, ըստ առկա կուտակումների, ինքն է գնահատում տվյալ օրվա ընթացքում սպասարկման հնարավորությունը։
Հերթերի կառավարման հիբրիդային մոդելը ներդրվում է փուլային եղանակով։ Այսօրվանից այն լիարժեք հասանելի է Երևանի բոլոր 11 տարածքային ստորաբաժանումներում, առաջիկա շաբաթում այն ներդրված կլինի նաև 19 մարզային ստորաբաժանումներում, իսկ մինչև տարեվերջ՝ ամբողջ հանրապետությունում։