Թուրքիան քայլ է անում դեպի ԵՄ ֆինանսական համակարգ. նպատակ ունի միանալ SEPA-ին
Թուրքիան նպատակ ունի միանալ եվրոյի միասնական վճարային գոտուն (SEPA) և փոփոխել սեփական օրենսդրությունը՝ Եվրամիության հետ պետական գնումների բնագավառում փոխգործակցությունն ընդլայնելու նպատակով։
Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը՝ ԵՄ տնտեսության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի հետ ունեցած բանակցություններից հետո, հայտարարել է ֆինանսական ինտեգրմանն ուղղված կարևոր քայլի մասին։ Նախարարը X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ երկիրն արդեն հղել է SEPA-ին միանալու մտադրության նամակ, ինչի շնորհիվ գործընթացի ավարտին անդրսահմանային վճարումները երկու կողմերի քաղաքացիների ու ձեռնարկությունների համար կդառնան ավելի արագ, էժան և անվտանգ։
Բացի այդ, Մեհմեթ Շիմշեքը նշել է, որ տնտեսական գործընկերության իրավական հիմքերն ամրապնդելու նպատակով փոփոխություններ կկատարվեն «Պետական գնումների մասին» օրենքում, ինչը կապահովի ԵՄ ընկերությունների նկատմամբ հավասար մոտեցում հանրապետության պետական գնումների շուկայում։ Ըստ նրա պարզաբանման՝ արդի աշխարհաքաղաքական իրողություններում Թուրքիան և Եվրամիությունը բախվում են միևնույն մարտահրավերներին, որոնց թվում են մրցունակության վերականգնումը, ռազմավարական կախվածության թուլացումը, էներգետիկ անվտանգության ապահովումն ու արտադրողականության աճը՝ նորարարությունների և արհեստական բանականության կիրառման միջոցով։
Նախարարի գնահատմամբ՝ Թուրքիան կարող է էականորեն նպաստել Եվրոպայի մրցունակության բարձրացմանը, այդ թվում՝ նոր առևտրային, տրանսպորտային ու էներգետիկ միջանցքների ձևավորման, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության միջոցով։ Աշխարհում նկատվող մասնատվածության պայմաններում նա կարևորել է սերտ ինտեգրմանն ուղղված ներդրումները՝ շեշտելով, որ Մաքսային միության արդիականացումը ռազմավարական առաջնահերթություն է։ Դրա ընդլայնումը գյուղատնտեսության, ծառայությունների, թվային առևտրի և պետական գնումների ոլորտների վրա կարող է ապահովել շուրջ 400 միլիարդ եվրոյի լրացուցիչ առևտրային ներուժ։
Միևնույն ժամանակ, ԵՄ ֆինանսական կառույցների և կենտրոնական բանկերի հետ ունեցած շփումների ընթացքում արձանագրվել է, որ միայն պետական միջոցները բավարար չեն ապագա ներդրումային պահանջմունքները հոգալու համար, և գործընկերության համար վճռորոշ նշանակություն կունենա մասնավոր կապիտալի լայնածավալ ներգրավումը։