Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքը 49 տարով կտրամադրվի Ղազախստանին՝ տարեկան 1 դրամով
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել է Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման նպատակով հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ներկայացմամբ՝ համաձայնագրով Հայաստանը Երևանում՝ Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 0,33 հեկտար մակերեսով հողատարածքը 49 տարի ժամկետով օգտագործման է տրամադրելու Ղազախստանին՝ այդ երկրի դեսպանության շենքերի կառուցման համար։ Հողատարածքի տարեկան վարձավճարը սահմանվել է 1 դրամ։
Փոխադարձության սկզբունքով Ղազախստանը Հայաստանի Հանրապետությանը 49 տարի ժամկետով տրամադրելու է Աստանայի Արգանատի փողոցում գտնվող նույն՝ 0,33 հեկտար մակերեսով հողատարածքը, որտեղ կկառուցվի Հայաստանի դեսպանության շենքը։ Այդ հողատարածքի տարեկան վարձավճարը կկազմի 1 տենգե։
Փոխնախարարը նշել է, որ համաձայնագրով հստակ սահմանվում են նաև հողատարածքների օգտագործման պայմանները։ Մասնավորապես, դրանք ստացող կողմը չի կարող առանց ընդունող պետության գրավոր համաձայնության վաճառել, փոխանցել, գրավադրել, վարձակալության կամ ենթավարձակալության հանձնել կամ այլ կերպ օտարել իրեն տրամադրված հողատարածքը։
Ըստ Մնացական Սաֆարյանի՝ համաձայնագրի նպատակն է զարգացնել Հայաստան–Ղազախստան քաղաքական երկխոսությունն ու գործնական համագործակցությունը, ինչպես նաև ստեղծել առավել բարենպաստ պայմաններ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության համար։
Օրինագիծը խորհրդարանում ստացել է նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Էդուարդ Աղաջանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Մենք չենք ասում՝ մեզ տվեք վարչապետի աթոռ, ուզում ենք, որ լսելի լինի ընտրողների ձայնը. Արամ Օրբելյան
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՍԴ-ում ԲՀԿ-ի փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարել է, որ իրենց պահանջը չի վերաբերում...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
Հուլիսի 2-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան: ԱԺ նախագահի որոշմամբ հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանր...