«Զոհված» բառը չեմ սիրում, ուզում եմ ասել՝ անմահացած տղաներ:Իմ տղայի նկարը երբեք չի եղել. դատավոր Հովսեփյան
Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երբեք սրտի դատավոր չի եղել, ինչի մասին վկայում են բազմաթիվ կարգապահական վարույթները։
Այսօր դատավորների ընդհանուր ժողովից առաջ Նաիրա Հովսեփյանը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը, թե «գնացեք պարզեք՝ դատավորներից ով ում փեսան է»։ Լրագրողի դիտարկմանը, թե մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ինքը Վճռաբեկ դատարան է գնացել Աննա Հակոբյանի հովանավորչությամբ, և արդյոք դա չի տեղավորվում Փաշինյանի նշած տրամաբանության մեջ, դատավորն արձագանքել է. «Ես 30 տարվա դատավոր եմ։ 27 տարի աշխատել եմ առաջին ատյանում։ Որևէ մեկն այդքան երկար չի աշխատել առաջին ատյանում, դրանից հետո գնացել Վճռաբեկ դատարան։ Այդ ամբողջ ընթացքը եղել է թափանցիկ։ Վճռաբեկ դատարանում ովքեր եղել են, ցույց տվեք այն անձին, որն ավելի արժանավոր էր, քան ես»։
Այսօր կայանալիք դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում ներառված է դատավորների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի երեք անդամի ընտրությունը։ Հանձնաժողովը կազմված էր 6 դատավոր և 2 ոչ դատավոր անդամից, սակայն քաղհասարակության պահանջով ոչ դատավոր անդամների թիվն ավելացվել է երեքով՝ հինգը վեցի հարաբերակցությամբ։ Թափուր 3 տեղի համար առաջադրվել է 7 թեկնածու՝ դատավոր Արմինե Թումասյանը, վճռաբեկ դատարանի աշխատակից Մելիք Մելիքյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կոմիտե»-ի ներկայացուցիչ Անուշ Մկրտչյանը, իրավաբան Լուսինե Հակոբյանը և Արտակ Մկրտչյանը։ Թեկնածու Արթուր Մկրտչյանը հրաժարվել է՝ ներկայացնելով համապատասխան դիմում։
Հարցին, թե Նաիրա Հովսեփյանը, որպես անմահացած զինծառայողի մայր, ինչպիսի վերաբերմունք ունի վերջին շրջանում հերոսների նկարները քաղաքի պատերից մաքրելու վերաբերյալ, նա պատասխանել է. ««Զոհված» բառը չեմ սիրում, ուզում եմ ասել՝ անմահացած տղաներ։ Հիշատակի տարբեր ձևեր կան։ Իմ տղայի նկարը երբեք չի եղել։ Մի քիչ հուզական հարց է, շատ շեշտավոր հարց է։ Կարծում եմ՝ ինչ պատասխան էլ տամ, որոշ մարդկանց իմ պատասխանը դուր չի գա, առավել ևս, որ խոսքը խոցելի խմբի մարդկանց մասին է։ Դրա համար այդ հարցին չեմ ուզում պատասխանել»։
Անդրադառնալով ընտրովի արդարադատության վերաբերյալ տարածված մտահոգություններին՝ դատավորը նշել է. «Ես 30 տարի իրականացրել եմ արդարադատություն, այդ անկախությունը պահպանել եմ։ Բոլոր բնագավառներում էլ կան մարդիկ, որոնք թերացել են իրենց աշխատանքում։ Եթե կան մարդիկ, որոնք արդարադատություն չեն իրականացնում, ուրեմն նրանց նկատմամբ կկիրառվեն համապատասխան որոշումներ»։