Ուկրաինան Բելառուսին կոչ է արել հետ քաշել զորքերը սահմանից
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Բելառուսի իշխանություններին Գոմելի մարզում հետ քաշել զորքերը Ուկրաինայի սահմանից։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները տեղեկություն են ստացել, որ Բելառուսի զինված ուժերը «զորավարժությունների պատրվակով Գոմելի մարզում՝ Ուկրաինայի հյուսիսային սահմանների մոտ, կենտրոնացնում են զգալի թվով անձնակազմ, մասնավորապես՝ հատուկ գործողությունների ուժեր, սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ տանկերով, հրետանիով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, ՀՕՊ համակարգերով և ինժեներական սարքավորումներով»։Ուկրաինայի ԱԳՆ-ի պնդմամբ՝ նաև «արձանագրվել է նախկին «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանների ներկայությունը»։
«Սահմանային գոտում և ատոմային էներգիայի օբյեկտի՝ Չեռնոբիլի ատոմակայանի մերձակայքում զորավարժությունների անցկացումը սպառնալիքներ է ստեղծում Ուկրաինայի ազգային անվտանգության և ընդհանրապես համաշխարհային անվտանգության համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
«Մենք կոչ ենք անում Բելառուսի Հանրապետության պաշտոնյաներին Մոսկվայի ճնշման տակ ողբերգական սխալներ թույլ չտալ սեփական երկրի համար, իսկ երկրի զինված ուժերին՝ դադարեցնել ոչ բարեկամական գործողությունները և զորքերը հետ քաշել Ուկրաինայի պետական սահմանից՝ Բելառուսի Հանրապետության մոտ առկա կրակային համակարգերի հեռահարությունը գերազանցող հեռավորության վրա», - գրում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։
Կիևը նաև պնդում է, որ «Ուկրաինան երբեք չի ձեռնարկել և մտադիր չէ որևէ ոչ բարեկամական գործողություն ձեռնարկել բելառուս ժողովրդի դեմ»։Ուկրաինայի ԱԳՆ-ն նաև զգուշացրել է, որ «Բելառուսի կողմից Ուկրաինայի պետական սահմանը խախտելու դեպքում մեր երկիրը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ երաշխավորված ինքնապաշտպանության իրավունքը կյանքի կոչելու համար»։
«Միևնույն ժամանակ, Բելառուսի տարածքում զորքերի, ռազմական օբյեկտների և մատակարարման ուղիների բոլոր կենտրոնացումները օրինական թիրախներ կլինեն Ուկրաինայի զինված ուժերի համար», - ասվում է հայտարարության մեջ:Օգոստոսի 18-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ «բանակի գրեթե մեկ երրորդն» ուղարկել է Ուկրաինայի հետ սահման: Լուկաշենկոն ասել է, որ այդ քայլին է գնացել՝ ի պատասխան սահմանամերձ շրջաններ «ուկրաինական ավելի քան 120 հազար զորքերի» ուղարկման։