Երբ է նախատեսվում ավարտին հասցնել միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները

Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի կեսերը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։


«Միասնական տոմսային համակարգի հետ կապված հանձնման–ընդունման փուլում ենք։ Կարծում եմ` մինչև սեպտեմբերի 15-ը կավարտենք այդ աշխատանքները։ Կունենանք նաև նոր կանգառասրահի նմուշային օրինակը, քանի որ նախորդը մենք չընդունեցինք։ Կազմակերպությունը նորն է պատրաստելու, մինչև ամսի 15-ը կտեղադրվի»,– նշել է Գրիգորյանը։


Նա չի պարզաբանել, թե կանգառասրահի նմուշային օրինակը որտեղ է տեղադրվելու։


Հիշեցնենք, որ նախագիծը պետք է ուժի մեջ մտներ 2024 թվականի սեպտեմբերից, սակայն հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ այն 1 կամ 2 ամսով կերկարաձգվի։ Այդ ժամանակ նշվեց, որ համակարգի ներդրումը սեպտեմբերի 1-ից տեղափոխել նոյեմբերի 1։


Հաջորդ նիստի ժամանակ էլ որոշում կայացվեց, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղափոխվում է 2025 թվականի հունվար։



Պատահարներ