Մոսկովյան և Իսահակյան փողոցները կդառնան միակողմանի․ մանրամասներ
Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում աշխատանքներ են իրականացվում երթևեկության կազմակերպման փոփոխության մասով: Լուսացույցի տեղադրման աշխատանքները սկսվել են, որից հետո ավտոբուսային գծի կահավորումը կշարունակվի Իսահակյան-Մոսկովյան փողոցներում, այնուհետև՝ Մաշտոցի պողոտայում, և ամբողջական միջանցքը պատրաստ կլինի: Նախնական պլանավորված է սեպտեմբերի ընթացքում ավարտել: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ ստացվում է՝ լինելու են միակողմանի Մոսկովյան փողոց և միակողմանի Իսահակյան փողոց:
Վազգեն Հարությունյանը հաստատեց՝ երթևեկության կազմակերպման փոփոխության արդյունքում փողոցները նախատեսվում է դարձնել միակողմանի:
«Մոսկովյան փողոցը միակողմանի կլինի, երթևեկությունը կլինի Մաշտոցի պողոտայից դեպի Խանջյան, իսկ Իսահակյան փողոցը կլինի հակառակ ուղղությամբ»,- ասաց նա և հավելեց՝ աշխատանքների ավարտից հետո բոլոր ավտոբուսային գծերն անարգել հասնելու են մինչև Մաշտոցի պողոտայի վերջ:
Ավինյանն արձագանքեց՝ ծրագիրը հատվածական է իրականացվել, քանի որ դեռ կա Մյասնիկյան պողոտան, որը ևս հետագայում կավելանա ընդհանուր գծին:
«Առանց ավտոբուսային գծերի ավելացման՝ Երևան քաղաքում ահագնացող անհատական ավտոմեքենաների քանակի ավելացումով մենք որևէ դրական լուծումների չենք կարող գալ, և, ընդհանուր առմամբ, հանրային տրանսպորտի բարեփոխումների հիմնական նպատակն է տալ առաջնահերթություն հանրային տրանսպորտին, այն մարդկանց, որոնք երթևեկում են հանրային տրանսպորտով, քանի որ հանրային տրանսպորտն էականորեն բեռնաթափում է Երևանի փողոցները: Մասնավորապես՝ 1 ավտոբուսի մարդկանց քանակը համադրելի է 50-60 ավտոմեքենաներում գտնվող մարդկանց քանակի հետ: Սա է լինելու այն տրամաբանությունը, որով Երևան քաղաքն առաջնորդվելու է, այսինքն՝ տալու է առավելություն առանձնացված գծերի ավտոբուսներին և հանրային տրանսպորտին, որով նաև պետք է հաշվի առնենք, որ որոշակի անհարմարություններ են ստեղծելու ավտոմեքենաների համար»,- ասաց նա:
Ըստ Ավինյանի՝ այն քաղաքները, որոնք այս ճանապարհն անցել են ճիշտ ժամանակին, մի ինչ-որ ժամանակ անց ստացել են բարվոք երթևեկություն, իսկ բոլոր այն քաղաքները, որոնք ուշացել են այս ռեֆորմներն իրականացնելու ճանապարհին, երթևեկության հետ կապված «խայտառակ իրավիճակ» ունեն:
«Սա քմահաճույք չէ: Այս ճանապարհին այլընտրանք չկա, որովհետև եթե մենք այս տենդենցը, որն ունենք՝ ավտոմեքենաների քանակի ավելացման հետ կապված, չկանխենք, այսինքն՝ չստեղծենք որոշակի հավելյալ հնարավորություններ հանրային տրանսպորտի համար՝ որոշակի խոչընդոտներ ստեղծելով նաև հանրային տրանսպորտի համար, ապա ասում եմ՝ մի օր մեր տնից մեր ավտոմեքենայով դուրս ենք գալու ու կանգնած մնանք մեր բակի մոտ»,- ասաց Ավինյանը: