ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է փոփոխություն, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ինչպես հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), նախաձեռնությանը կողմ է քվեարկել հանձնաժողովի 44 անդամ, դեմ՝ 7-ը։
Փոփոխությունն առաջարկել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ, դեմոկրատ Բրեդ Շերմանը՝ H.R. 9087 դիվանագիտական ծառայության մասին օրինագծի շրջանակում։ Նախաձեռնությունը պաշտպանել է նաև հանձնաժողովի նախագահ, հանրապետական Բրայան Մաստը։
Շերմանի խոսքով՝ փոփոխության ընդունմամբ հանձնաժողովը պաշտոնապես արձանագրել է իր դիրքորոշումը։ Նա հայտարարել է, որ շարունակելու է պայքարել Ադրբեջանում ապօրինի պահվող և, ըստ նրա, խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի ենթարկվող հայերի ազատ արձակման համար։
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը աջակցած կոնգրեսականներին՝ ընդգծելով, որ հայ գերիների ազատ արձակումը, Արցախից բռնի տեղահանվածների անվտանգ վերադարձը և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերումը պետք է դիտարկվեն որպես կայուն խաղաղության պարտադիր պայմաններ։
Փոփոխության դեմ քվեարկել են հանրապետական կոնգրեսականներ Էնդի Բիգսը, Թիմ Բերչեթը, Ռենդի Ֆայնը, Աննա Պաուլինա Լունան, Սքոթ Փերին, Քիթ Սելֆը և Ջո Ուիլսոնը։
Բրեդ Շերմանը, ներկայացնելով նախաձեռնությունը, հղում է կատարել ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների սպանությունների փաստագրված դեպքերին՝ նշելով, որ դրանցից մի քանիսի տեսագրությունները տարածվել են սոցիալական ցանցերում, իսկ դեպքերը փաստագրել է նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։
Նա նաև ընդգծել է, որ հայ ռազմագերիների և քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը կարող է կարևոր քայլ լինել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին։
Չնայած H.R. 9087 օրինագիծն այս փուլում չի ստացել հանձնաժողովի վերջնական հավանությունը, ընդունված փոփոխությունը նշանակում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պաշտոնապես աջակցում է Ադրբեջանում պահվող հայերի անհապաղ և անվերապահ ազատ արձակման պահանջին։
Հայկական կողմի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են պահվել 19 հայ գերի։ Արցախի նախկին ղեկավարները Բաքվում դատապարտվել են տարբեր ժամկետների՝ մինչև ցմահ ազատազրկում։ 2025 թվականի սեպտեմբերից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակվելուց հետո, հայկական կողմի տվյալներով, միջազգային կառույցներն այլևս հասանելիություն չունեն պահվող անձանց նկատմամբ։