Զելենսկին ՆԱՏՕ-ն կներգրավի Ուկրաինայի հակամարտության մեջ, իսկ դա կհանգեցնի համաշխարհային պատերազմի. Սիյարտո

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն մեղադրել է այն բանում, որ վերջինս փորձում է ՆԱՏՕ-ին ներքաշել Ռուսաստանի հետ զինված հակամարտության մեջ: ԱԳՆ ղեկավարը նաեւ խոստովանել է, որ իր համար հեշտ չէ մնալ դիվանագիտական պարկեշտության շրջանակներում՝ արձագանքելով Ուկրաինայի առաջնորդի կողմից Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հասցեին հնչած մեղադրանքներին:


Ըստ հունգարական ԶԼՄ-ների, հուլիսի 18-ին Զելենսկին, որը հրավիրված էր Մեծ Բրիտանիայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, այնտեղ հայտարարել է, որ Օրբանի վերջին այցը Մոսկվա դավաճանություն է Եվրոպայի համար:


Սիյարտոն հասկացրել է, որ ոչ Կիևի կողմից նման մեղադրանքները, ոչ Բրյուսելի կողմից քննադատությունը չեն ստիպի Հունգարիային հրաժարվել իր ջանքերից: «Մենք կշարունակենք խաղաղապահ առաքելությունը, որովհետև եթե հաջողության չհասնենք, եթե առաջիկայում չկարողանանք խաղաղություն հաստատել, ապա մենք կարող ենք բախվել շատ վատ իրավիճակի, երբ շփման գծում տեղի կունենան էլ ավելի դաժան իրադարձություններ, հակամարտության սրման էլ ավելի մեծ ռիսկ կառաջանա, իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, և մենք կտեսնենք ամբողջ Եվրոպան կրակի մեջ։ Քանի որ ես տեսնում եմ, որ կան շատ մարդիկ, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահը, որոնք փորձում են ՆԱՏՕ - ին ներքաշել այդ պատերազմի մեջ»,-ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում՝ լիբանանցի գործընկեր Աբդալլա Բու Հաբիբի հետ հանդիպումից հետո։


Սիյարտոն հերքել է Զելենսկու մեղադրանքները՝ հիշեցնելով, որ Ուկրաինայում հակամարտության հետևանքով մարդիկ շարունակում են զոհվել, փախստականների հոսքը չի դադարում, և իշխանությունները, խախտելով մարդու իրավունքները և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների թողտվությամբ, արգելքներ են սահմանում երկրից դուրս գալու համար:

«Մենք խոսում ենք Ուկրաինայում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին, իսկ հետո Ուկրաինայի նախագահը դիմում է Հունգարիայի վարչապետին այնպիսի անվիճելի հայտարարություններով, որ ես մեծ դժվարությամբ եմ ինձ ստիպում ի պատասխան կտրուկ արտահայտություններ չօգտագործել»,-խոստովանել է ԱԳ նախարարը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Ուկրաինայի առաջնորդի արտահայտությունները:


Իր 10-օրյա խաղաղապահ առաքելության ընթացքում Օրբանը հուլիսի 2-ին եղել է Կիևում, որտեղ բանակցություններ է վարել Զելենսկու հետ, իսկ երեք օր անց Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դրանից հետո Հունգարիայի կառավարության ղեկավարը հուլիսի 8-ին այցելել է Պեկին, որպեսզի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ քննարկի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ապա այցելել Վաշինգտոն, որտեղ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հուլիսի 11-ին դաշինքի խորհրդակցության ավարտին նա մեկնել է Ֆլորիդա՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հյուր, որի հետ քննարկել է նաև ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները: Դրանից հետո Օրբանը հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթելու և Սպիտակ տուն վերադառնալու դեպքում Թրամփը «կլուծի այդ խնդիրը»:

Քաղաքականություն