Առողջության ապահովագրությունը նոր հարկատեսակ է լինելու. Առաքելյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ առողջության պարտադիր ապահովագրության վճարը նոր «հարկատեսակ» է։ Նա այսպես է մեկնաբանել կառավարության մակարդակով ներկայացված տեղեկությունները։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը օրերս քննարկել էին առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հարցը։


Ավանեսյանը հայտնել էր, որ կրճատվելու են «Զինապահ» հիմնադրամին աշխատավարձերից կատարվող պարտադիր վճարները, քանի որ հիմնադրամն արդեն կուտակել է բավարար միջոցներ։ Նախարարը նշել էր, որ նախկին 5500 դրամի փոխարեն վերադառնում է 1000 դրամ վճարումը, իսկ տարբերությունը ուղղվելու է առողջության ապահովագրությանը։


Առաքելյանի խոսքով՝ կառավարության այս քայլը պոպուլիստական բնույթ ունի և նպատակաուղղված է մեղմել քաղաքացիների դժգոհությունը նոր վճարների պատճառով։


«Ստացվում է այնպես, որ ասում են՝ այն գումարները, որ տալիս եք «Զինապահ» հիմնադրամին, հիմա ավելի քիչ կտաք, փոխարենը այս նոր «հարկատեսակով» ավելի շատ գումար կտաք։ Այսինքն՝ արվում է հնարավորը, որպեսզի քաղաքացին իր գրպանի վրա չզգա այդ ավելացած գումարը»,– ասել է նա։


Նախկին նախարարն անդրադարձել է նաև հաշվարկներին՝ նշելով, որ առողջության ապահովագրության տարեկան փաթեթը կկազմի 129.600 դրամ կամ ամսական 10.800 դրամ։ Ներկայում «Զինապահ» հիմնադրամին վճարվող գումարները կախված են աշխատավարձից՝ մինչև 100.000 դրամ ստացողները վճարում են 1500 դրամ, մինչև 200.000 դրամ ստացողները՝ 3000, մինչև 500.000-ը՝ 5500, մինչև 1 մլն-ը՝ 8500, իսկ 1 մլն դրամից բարձր վարձատրվողները՝ 15.000 դրամ։


Առաքելյանի գնահատմամբ՝ պարտադիր ապահովագրությունը լրացուցիչ ֆինանսական բեռ է լինելու հատկապես ցածր աշխատավարձ ստացողների համար, մինչդեռ բարձր վարձատրվողները կշահեն այս փոփոխությունից։


Նա նաև ընդգծել է, որ «Զինապահ» հիմնադրամում այսօր բավական մեծ խնայողություններ կան՝ մոտ 150 միլիարդ դրամի չափով, քանի որ վերջին տարիներին ռազմական գործողությունների հետևանքով էականորեն նվազել է դեպքերի քանակը։ Այս պայմաններում հիմնադրամի վճարների նվազեցումն ունի որոշակի տրամաբանություն։


Միաժամանակ Առաքելյանը նշել է, որ պատերազմի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողները շարունակում են խնդիրներ ունենալ վերականգնողական բուժման և պրոթեզավորման ուղղությամբ։


«Մենք բազմիցս առաջարկել ենք, որ հիմնադրամի խնայողությունները օգտագործվեն հենց այդ նույն շահառու զինծառայողների համար»,– ասել է նա։


Հիշեցնենք, որ «Զինապահ» հիմնադրամը (նախկին «1000 դրամների հիմնադրամ») ստեղծվել է 2017 թվականին՝ զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և նրանց ընտանիքների ֆինանսական ապահովման նպատակով։

Քաղաքականություն