Իրանը կանգնած է ջրային աղետի շեմին

Իրանի իշխանությունները քննարկում են Թեհրանում ջրի մատակարարումը գիշերային ժամերին ժամանակավորապես դադարեցնելու տարբերակը՝ սաստկացող ջրային ճգնաժամի պայմաններում։ Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, երկրի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին հայտնել է, որ մայրաքաղաքի բնակիչները պետք է սկսեն ջուր կուտակել և տեղադրել պահեստային ռեզերվուարներ։


Նախարարի խոսքով՝ մայրաքաղաքը մատակարարող խոշոր ջրամբարներում ջրի մակարդակը կտրուկ նվազել է։ Ամիր Քաբիրի ջրամբարում, որը Թեհրանի հինգ հիմնական խմելու ջրի աղբյուրներից մեկն է, մնացել է երկու շաբաթից էլ պակաս պաշար։


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ավելի վաղ զգուշացրել էր, որ եթե մինչև նոյեմբերի վերջ անձրևներ չսկսվեն, Թեհրանը կարող է հայտնվել տարհանման եզրին։ Նա նշել է, որ մայրաքաղաքի ավելի քան 100 տարվա ջրամատակարարման համակարգը խիստ մաշված է, իսկ Իսրայելի հունիսյան հարձակումները վնասել են խողովակաշարի մի մասը։


Իրանի եղանակի կանխատեսման ազգային կենտրոնի ղեկավար Սադեղ Զիյիյանի տվյալներով՝ մարտից ի վեր տարածաշրջանում տեղումների քանակը կրճատվել է 95,8 տոկոսով, և առաջիկա 10 օրերին անձրև չի սպասվում։


Հավելենք՝ երկրի 19 ջրամբարների մոտ 10 տոկոսը, գտնվում են լիակատար ցամաքման եզրին, իսկ դրանց ջրային պաշարները կազմում են 5 տոկոսից պակաս։ Թեհրանն իր ջրի 70 տոկոսը ստանում է ջրամբարներից, իսկ 30 տոկոսը՝ ստորգետնյա աղբյուրներից, սակայն բոլոր հինգ հիմնական ջրամբարներում ջրի մակարդակը վտանգավոր մակարդակի վրա է։


Վերջին երեք տասնամյակում Իրանում քաղցրահամ ջրի վերականգնվող պաշարները նվազել են 132 միլիարդ խմ-ից մինչև 90 միլիարդ խմ, մինչդեռ սպառումը շարունակ աճում է։ Ըստ իշխանությունների՝ երկրի քաղաքային բնակչության շուրջ կեսն արդեն բախվում է խմելու ջրի պակասի հետ։


Ճգնաժամը առավել սուր է Թեհրանում, Յեզդում, Սպահանում, Խորասան Ռեզավիում և Խուզեստանում։ Երաշտի հետևանքով չորացել են Զայանդե Ռուդ և Կարուն գետերը, իսկ տասնյակ ջրամբարներ ու ճահիճներ գտնվում են ոչնչացման եզրին։


Նախագահ Փեզեշքիանը հայտարարել է, որ խնդիրը պահանջում է համակարգային լուծում՝ բոլոր համապատասխան գերատեսչությունների և փորձագետների մասնակցությամբ, քանի որ ճգնաժամն արդեն ազդում է երկրի հասարակական կյանքի առանցքային ոլորտների վրա։