Կոմիտասի պողոտայի հրդեհը մարվել է․ մեկ տուժած հոսպիտալացվել է
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը մարվել է։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում բռնկվել էր հրդեհ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք՝ «1 ԲԻՍ» բարդության կանչով։
Հրդեհի բարդության բարձրացման պատճառով հայտարարվել է «Թիվ 3 կանչ», ինչի արդյունքում դեպքի վայր են մեկնել ևս տաս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչությունների հերթապահ խմբերը։
Հրդեհաշիջման աշխատանքներին միացել են նաև ՆԳՆ Համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և ոստիկանության Գվարդիայի ծառայողներ։
Ըստ նախնական տվյալների՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը շինության մյուս հատվածներ և հարակից բենզալցակայան։





























