«Եթե Ամենակարող Տերն իջնի երկնքից, և ինձ ասի դա, ես այդպես էլ կանեմ». Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ միայն ինքն է ի վիճակի դիմակայել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, զսպել Չինաստանին և ՆԱՏՕ-ն պահպանել միասնական կառույցի տեսքով: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես ոչ միայն քարոզարշավ եմ վարում, այլև ղեկավարում եմ աշխարհը, ես առերեսվում եմ Պուտինի հետ»,-ասել է ամերիկացի առաջնորդը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ հավելելով, որ ավելի վաղ հասցրել է հեռախոսով շփվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, բրիտանական կառավարության նոր ղեկավար Քիր Սթարմերի հետ, ինչպես նաեւ ուշադրություն դարձնել եվրոպական եւ այլ հարցերի: Այս կերպ ԱՄՆ նախագահը պատասխանել է հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նա պատրաստ է անկախ բուժզննում անցնել, որը ներառում է նաև նրա մտավոր ունակությունների ստուգում, և հրապարակել արդյունքները:
Հաղորդավարը նաև հետաքրքրվել է ԱՄՆ առաջնորդից, թե արդյոք նա կկարողանա նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթելու դեպքում ևս չորս տարի ղեկավարել երկիրը՝ առաջարկելով խոսել ոչ թե Բայդենի նախկին արժանիքների մասին, այլ այն մասին, թե ինչի նա կկարողանա հասնել ապագայում:
«Ջորջ, ես այն տղան եմ, ով համախմբել է ՆԱՏՕ-ն, սա է ապագան։ Ոչ ոք չէր մտածում, որ ես կարող եմ ընդլայնել այն: Ես այն տղան եմ, ով կանգնեցրեց Պուտինին, ոչ ոք չէր մտածում, որ դա կարող է տեղի ունենալ», - պնդել է նախագահը։
Որպես պետական բարձրագույն պաշտոնում իր ձեռքբերումներից մեկը՝ Բայդենը նշել է նաև 2021 թվականին AUKUS - ի ՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ կառավարությունների միջև անվտանգության ոլորտում գործընկերության ստեղծումը ։
«Ես այն տղան եմ, ով ներգրավել է 50 երկիր, ոչ միայն Եվրոպայում, այլև Եվրոպայից դուրս, Ուկրաինային օգնելու համար», - շարունակեց Բայդենը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կհրաժարվի նախագահական ընտրություններին մասնակցելուց, եթե իրեն դա ասի Աստված:
«Եթե Ամենակարող Տերը իջնի երկնքից, և ինձ ասի դա, ես այդպես էլ կանեմ», — նրա խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը: Բայդենը նաև նշել է, որ երկրի նախագահի ընտրություններում հաղթելու համար իրենից ավելի պրոֆեսիոնալ թեկնածու չկա: