Շամլուղում վնասվածքներ ստացած 9-ամյա երեխան Երևան տեղափոխվեց սանավիացիայի ուղղաթիռով

02.06.2024թ. ժամը՝ 14:30-ի սահմաններում շտապ օգնության կանչ է գրանցվել Շամլուղ բնակավայրից, իննամյա երեխայի որովայնի բութ տրավմա՝ շոկային վիճակ ախտորոշմամբ: Շտապ օգնության մեքենան, որը հերթապահում էր Ախթալայի ժամանակավոր կամրջի մոտ, տարհանել է երեխային և շտապ տեղափոխել «Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:


Նա նաեւ նշել է. «Հետազոտություններից պարզ է դարձել, որ Հ. Սոխակյանը հեծանիվից վայր ընկնելուց ստացել է ենթաստամոքսային գեղձի լուրջ վնասվածք, որոշվել է տեղափոխել մասնագիտացված բուժ. հաստատություն - Արաբկիր բժշկական կենտրոն:


ՀՀ Լոռու մարզային պատասխանատուների և «Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ-ի տնօրինության կողմից անմիջապես հրավիրվել է սանավիացիա, արագ կազմակերպվել է երեխայի տեղափոխումն՝ Արմենիան Հելլիկոպտեր ընկերության ուղղաթիռով:


Ներկայումս երեխայի վիճակը բավարար է, գտնվում է բուժման մեջ՝ Արաբկիր բժշկական կենտրոնում: