Քաղաքականություն

Ընտրություններից 2 օր անց ԴՕԿ-ի հետ համագործակցությունը դադարեցված է. «Համահայկական ճակատ» կուսակցություն

Ընտրություններից 2 օր անց ԴՕԿ-ի հետ համագործակցությունը դադարեցված է. «Համահայկական ճակատ» կուսակցություն

«Համահայկական ճակատ» կուսակցությունը չի կիսում «ԴՕԿ» կուսակցության՝ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում առկա հիմնավորումները, թե ընդդիմությունը ընտրակաշառքներով ազդել է ընտրությունների արդյունքների վրա, հետևապես, այս հիմքով ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն։ Գրում է  pastinfo.am-ը։


Կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը պնդել է, որ իր կուսակցությունն այս տեսակետը չի կիսում և կարծում է, որ կեղծիքները հիմնականում եղել են իշխանության կողմից։ 


«Բոլոր խախտումները, այդ թվում՝ ընտրակաշառքը, բաժանել է իշխանությունը։ Խոսքը թոշակառուների թոշակները 10 000 դրամով բարձրացնելու մասին է, այն դեպքում, երբ դեռ 2025 թվականի վերջին, երբ հաստատվում էր 2026 թվականի բյուջեն, նման բարձրացում նախատեսված չի եղել։


Ես չգիտեմ, թե ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի՝ ՍԴ ներկայացրած դիմումը ինչ փաստերի ու հանգամանքների վրա է հիմնված։ Ավելին, մեր կուսակցությունն արդեն բավական ժամանակ է Ազատության հրապարաում նստացույց է իրականացնում և ստորագրահավաք է անում։ Մենք Սահմանադրական դատարանին չենք դիմել, որովհետև հույս չունենք, որ Նիկոլի դատարանը արդարադատություն կիրականացնի»,- ասել է նա:


Դիտարկմանը, թե միասնական ընտրացուցակով են մասնակցել ընտրություններին, այսինքն՝ ստացվում է, որ այլևս իրենց համագործակցությունը դադարեցվա՞ծ է, և ՍԴ դիմելու հարցում Բաղդասարյանը միանձնյա՞ է որոշում կայացրել, նա պատասխանել է, որ համագործակցությունը միայն ընտրությունների ժամանակ է եղել՝ ձայների փոշիացումից խուսափելու համար։ 


«Ընտրություններից անմիջապես հետո՝ 2 օր անց, մեր համագործակցությունը դադարեցվել է, հետևապես, ՍԴ դիմելու և դիմումի բովանդակության մասին մենք քննարկում չենք ունեցել։ Ամեն դեպքում, մեր համագործակցությունը դադարեցված է։


Ինչ մնում է ընտրակաշառքին, դրանք ընդդիմության վրա կարած գործեր են, քանի որ որևէ մեկի նկատմամբ դեռ դատական որևէ վճիռ կամ որոշում չկա։ Մինչդեռ իշխանության կողմից ընտրակաշառքը բոլորի աչքի առաջ է եղել։ Փաշինյանն այդ 10 000-ական դրամներով խաբեց 600 000 թոշակառուների, որպեսզի իրեն ընտրեն։ Սրան գնահատական դեռ պետք է տրվի»,- ասել է կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250