70-ից ավելի շենք-շինություններ ԼՂ-ից տեղահանվածների համար հնարավոր է՝ վերափոխվեն սոցիալական բնակարանների

Ծրագիրը, որ դրել ենք սեղանին, հնարավոր է, որ մարդիկ լինեն, որ չկարողանան օբյեկտիվ պատճառներով մասնակցել, այդ աջակցությունը ստանալ, բնակարան ձեռք բերել կամ կառուցել, ուստի կա նաև սոցիալական բնակարանի առանձին բաղադրիչ: Այդ մասին 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի առաջարկին, թե ՀՀ-ում չբնակեցված ինչ բնակտարածքներ կան, որոնք կարելի է տրամադրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:


«Այս պահի դրությամբ շուրջ 7 տարբեր համայնքներում գտնվող տարբեր շենքեր հիմա առանձնացրել ենք, նախագծա-նախահաշվարկային գործընթացները կանենք և կսկսենք ակտիվ վերանորոգման վերակառուցման աշխատանքները, որտեղ մենք կկարողանանք 1000-ից ավելի՝ նմանատիպ կարգավիճակ ունեցող մարդկանց հյուրընկալել՝ որպես սոցիալական բնակարանի շահառու, ապա դրանից հետո կսկսենք ուսումնասիրություն նաև այլ շենքերի, կկարողանանք արդեն ընդլայնել, որովհետև 1000-ից ավելի կլինեն այդ շահառուները: Հիմա ցանկը մենք շրջանառել ենք ՏԿԵՆ-ի միջոցով մարզպետարանններ, 70-ից ավելի շենք-շինությունների ցանկ ենք ստացել, կֆիլտրենք, որ հասկանանք»,- ասաց նախարարը:


Նարեկ Մկրտչյանը նաև պարզաբանեց՝ խոսքը ոչ թե չբնակեցված բնակարանների մասին է, այլ տարբեր շինությունների, որոնք հնարավոր է վերափոխել սոցիալական բնակարանների:


«Բնակարանային ապահովության ծրագիրը մենք արդեն հաստատել ենք Կառավարության ծրագրով, լայնածավալ իրազեկման գործընթաց է ընթանում»,- ասաց նա և հավելեց, որ մինչև հունիսի 15-ը պետք է կատարվի կարգի հաստատում, որից հետո կսկսվեն աշխատանքներ:


«Ծրագրի շահառու կարող են լինել բացառապես ՀՀ քաղաքացիները»,- տեղեկացրեց նախարարը: