Եթե երեք տեղամասերում արդյունքներն անվավեր չճանաչվեին, ԲՀԿ-ն չէր հաղթահարի անցողիկ շեմը. Հովակիմյան
Եթե երեք տեղամասերում արդյունքներն անվավեր չճանաչվեին էլ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէր հաղթահարի անցողիկ շեմը։ Այս մասին Սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
Նա հավելել է. «Անվավեր ճանաչած 3 ընտրատեղամասերում արդյունքները չեն ներառվել քաղաքական ուժերի օգտին տրված ձայների հաշվարկում, դրանք օրենքի ուժով արտացոլվել են որպես անճշտություններ։ Հետևաբար, այդ տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը չի խաթարել ընտրությունների վերջնական արդյունքների իրավաչափությունը, հակառակը՝ այն ապահովել է, որ խնդրահարույց տեղամասերի արդյունքները չազդեն ընտրությունների ընդհանուր արդյունքների վավերության վրա»:
Հովակիմյանի խոսքով՝ անվավեր ճանաչված երեք ընտրատեղամասերի արդյունքների ազդեցությունը մեկուսացնում ենք՝ ընտրությունների իրավական արդյունքները չեն փոխվում։
Նա պնդել է, որ ԿԸՀ-ն գործել է իրավաչափ և կայացրել է իրավաչափ որոշում, ուստի խնդրում է ՍԴ-ին մերժել ներկայացված բոլոր դիմումները։ Ըստ նրա՝ դիմումատուները ոչ թե կասկածի տակ են դնում ընտրական համակարգի գործողությունները, այլ՝ ընտրողի կամքը։
Իր հերթին ԲՀԿ ներկայացուցիչներից Էլինար Վարդանյանը հակադարձել է՝ եթե հենց սկզբնական փուլում տվյալները ճիշտ մուտքագրվեին, իրենց կուսակցությունը նախնական արդյունքներով հատում էր 4 տոկոսի շեմը։
«Վահագն Հովակիմյանը շատ բան է ասում, թվերը լրիվ այլ բանի մասին են խոսում»,- ասել է Վարդանյանը և հավելել, որ եթե ճիշտ բաշխվեն մանդատները, ապա արդյունքներն ավելի մոտ կլինեն ժողովրդի կողմից եղած քվեարկությանը, քան ԿԸՀ որոշման արդյունքում է ստացվում։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։
Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ–ում միավորված գործի դատաքննությունը մեկնարկել է հունիսի 26–ին։