Չի բացառվում, որ լքենք գյուղը. Քարկոփի բնակչուհին՝ աղետի հետևանքների մասին
Չի բացառվում, որ լքենք գյուղը: Տարիների աշխատանք ենք կորցրել: Մարդու աչքը, որ մի անգամ վախենում է... ի՞նչ իմանանք, որ աղետը չի կրկնվի: Քարկոփի բնակչուհի Թագուհի Անդրեասյանը չի բացառում, որ ընտանիքի հետ կլքի գյուղը: NEWS,am-ի հետ զրույցում պատմում է՝ մեկ տարում շենքերը վերակառուցել հնարավոր է, բայց այգիները՝ ոչ. ընտանիքներ կային, որ այգիներից վաստակած գումարով էին իրենց տունը պահում:
«Մեր տան պատերն են ճաքել, այգին ամբողջությամբ ոչնչացվել է. տունը վերականգնել հնարավոր է, այգին՝ դժվար թե: Դեռ ոչինչ հստակ չէ, բայց չի բացառվում, որ լքենք գյուղը: Շատ ընտանիքներ արդեն տներ են վարձել Ճոճկանում, բայց թե հետո ինչ կանեն, չեմ կարող ասել»,-ասում է Թագուհի Անդրեասյանը և շարունակում պատմել Քարկոփում իրականացվող աշխատանքների մասին:
Նրա խոսքով, ԱԻՆ-ի աշխատակիցները ոտքի կամուրջ են կառուցում, որը Քարկոփը կկապի գլխավոր մայրուղուն, և գյուղացիները ստիպված չեն լինի կիլոմետրորով քայլել՝ Ախթալայի կամրջին հասնելու համար: Ասում է՝ երևի թե, այսօր կամուրջը պատրաստ կլինի:
Թագուհի Անդրեասյանը պատմում է, որ էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խնդիրը դեռևս չի լուծվել. մինչև գյուղն ամբողջությամբ տիղմից չմաքրվի, այդ խնդիրները լուծել հնարավոր չէ, սակայն համայնքապետարանն ամեն օր ցիստերններով ջուր է բերում: Խմելու ջուրը գյուղացիներին բավականացնում է: Սննդի խնդիր նույնպես չկա Քարկոփում:
«Երևանից եկել էին, շենքերի սեյսմակայունություն էին ստուգում, վնասների գնահատում էին անում: Սննդի անվտանգության տեսչությունից էլ էին եկել, որ անկած կենդանիներին տարածքից հեռացնեն: Խոզեր, թռչուններ, նապաստակներ էինք պահում գյուղում»,-պատմում է Քարկոփի բնակչուհին:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի եւ Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետեւանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, երեկ արդեն վերականգնվել է: Հեղեղի հետեւանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երեւան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչեւ Իջեւան հատվածը երթեւեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթեւեկությունը միակողմանի է։ Բեռնատարների համար փակ է Դիլիջան-Իջեւան հատվածը։