Ինչպե՞ս է հրեշտակի հանդերձանքով աղջիկը հայտնվել բողոքի ակցիայի կիզակետում․ Factor
Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի ժամանակ հրեշտակի կերպարային հանդերձանքով աղջկա հայտնվելը համացանցում աղմուկի ու տարբեր մեկնաբանությւոնների առիթ դարձավ։ Շատերին հետաքրքրում էր՝ արդյո՞ք հրեշտակի կերպարով աղջիկը շարժման հետ որևէ առնչություն ունի ու ինչու է հայտնվել բողոքի ակցիայի կիզակետում։
Պարզվում է՝ Ուլյանան, ով Երևան է եկել ՌԴ-ից, տեղյակ չի եղել, որ այդտեղ բողոքի ակցիա է իրականացվում։ Այս մասին նա պատմեց Factor.am-ի հետ զրույցում։
«Ես Երևան էի եկել ընկերուհիներիս հետ ֆոտոսեսիայի համար։ Գնում էինք Երևանի ամենագեղեցիկ վայրերն ու մեզ համար լուսանկարներ անում։ Ես միանգամից չհասկացա՝ ինչ կատարվեց։ Երբ մենք դուրս էինք եկել լուսանկարվելու, որևէ ակցիա չկար, սովորական մարդիկ էին փողոցում, ովքեր քայլում էին ուղղակի։ Մենք մի քանի օր է քայլում ենք Երևանում այդ կամ այլ կերպարներով ու բոլորը մեզ ժպտում էին, ու դրական արձագանքներ էին»,- պատմում է Ուլյանան։
– Իսկ ինչու որոշեցիք մոտենալ բողոքի ակցիայի վայրում գտնվող ոստիկաններին։
– Մենք Հանրապետության հրապարակի մոտակայքում հյուրանոցում էինք իջևանել։ Մեր ֆոտոսեսիան մոտակայքում էր։ Հետո տեսանք շատրվանները ու դրա մոտ ևս լուսանկարվեցինք։ Ես անցա փողոցն ու տեսա զինվորականների (նկատի ունի՝ ոստիկաններին- խմբ) ու մոտեցա նրանց, որ հարցնեմ՝ այստեղ կարելի է լուսանկարվել, թե ոչ։ Ու հանկարծ ինչ-որ տարօրինակ բան սկսեց տեղի ունենալ։ Բոլորը սկսեցին գոռալ, վազել։ Ու այստեղ ինչ-որ բազմություն էր, բղավոցներ հնչեցին, ինչ-որ կին սկսեց գոռգոռալ, ջուր շփեց իմ ու իմ լուսանկարչի վրա, շշեր նետել, ոտքով խփեցին, ձեռքիցս հեռախոսն ընկավ, էկրանը վնասվեց։ Ես շատ վախեցա, չէի հասկանում՝ ինչ է կատարվում ու մեզ հետ ինչու են այդպես վարվում։ Բոլոր տղամարդիկ, ոստիկանները սկսեցին մեզնից ներողություն խնդրել, դա հաճելի էր։ Բայց վախեցել էի, երբ ջուր շփեցին, մտածեցի՝ կիսլատա են լցրել վրաս։
– Այսինքն՝ տեղյակ չէի՞ք, որ այդտեղ բողոքի ակցիա է իրականացվում։
– Ոչ, չգիտեի։ Ես եկել էի մի քանի օրով Երևան հանգստանալու ու լուսանկարվելու։ Ես նախկինում եղել էի Երևանում ու քաղաքն ինձ շատ էր դուր եկել։ Այդտեղ ես բարություն ու ջերմություն ու ուժ էի զգացել։ Որոշել էի հաջորդ անգամ գամ այդտեղ ֆոտոսեսիայի սպիտակ թևերով՝ ցույց տալու տեղի բնակիչների մաքրությունը։ Ուլյանային հանդիպեցինք միջադեպից մոտ կես ժամ անց։ Քայլում էր Հանրապետության հրապարակում՝ հրեշտակի թևեր հիշեցնող աքսեսուարը ձեռքին բռնած։ Այժմ նա վերադարձել է Ռուսաստան։