Բնակչության անվտանգության նկատառումով դադարեցված է ջրամատակարարումը. «Վեոլիա Ջուր»-ը մանրամասնում է
Աղստև գետի վարարման և հունից դուրս գալու հետևանքով ևս խնդիրներ են առաջացել ջրամատակարարման համակարգում: Մի շարք բնակավայրերում բնակչության անվտանգության նկատառումով դադարեցված է ջրամատակարարումը: Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:
Քանի որ Դիլիջան քաղաքը ջուր է ստանում լեռնային մակերևույթային գետակներից, իսկ գետերն այս պահին չափազանց պղտորված են, և քաղաքում «Վեոլիա Ջուր» ընկերության ջրի մաքրման 3 կայանները կառուցվածքային առումով նախատեսված չեն այսչափ պղտորությունը մաքրման ենթարկելու համար, ապա դադարեցվել է նաև Դիլիջանի ջրամատակարարումը: Գետի վարարման հետևանքով վթարվել է «Գմբեթի» ջրաղբյուրի ջրագիծը, ինչի հետևանքով դադարեցվել է այստեղից սնվող Գանձասար գյուղի ջրամատակարարումը: Ջրի տակ են մնացել «Լուսաձոր» և «Գետափնյա» #պոմպակայանների պոմպերը: Դադարեցված է նաև այստեղից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը: Լոռու մարզում գտնվող «Մայմեխ» #ջրաղբյուրի պղտորման հետևանքով էլ դադարեցված է Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի ջրամատակարարումը: