ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ավտովթար` Սևան-Ճամբարակ ճանապարհին․ կան տուժածներ
Հունվարի 7-ին, ժամը 15։33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին՝ «Ռակետա» սննդի կետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ․Մ․, ծնված 1984թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվելով հայտնվել լճի ափին:
Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդը և ուղևոր Ս․ Հ․-ն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ջրափրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ տուժածներին լճափից մոտեցրել շտապօգնության մեքենային։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, վերջիններս տեղափոխվել են Երևանի ԲԿ-ներ։