Ռուսաստանը կորցրել է 2022 թվականին մոբիլիզացվածների գրեթե կեսին․ SWP
2022 թվականին Ռուսաստանում մոբիլիզացված շուրջ 300 հազար քաղաքացիներից մինչև անցյալ տարի Ուկրաինայի ռազմաճակատում մնացել էր նրանցից ընդամենը մի փոքր ավելին, քան կեսը։ Այս եզրակացությանն է եկել Գերմանիայի Միջազգային անվտանգության խնդիրների ինստիտուտի (SWP) փորձագետ Յանիս Կլյուգեն՝ վերլուծելով Ռուսաստանի դաշնային բյուջեի տվյալները։
Փորձագետը հաշվարկներն իրականացրել է՝ հիմք ընդունելով այն փաստը, որ 2022 թվականի մոբիլիզացիայի շրջանակում զորակոչված յուրաքանչյուր զինծառայող ստանում է ամսական 158 հազար ռուբլու վճարում։ Այդ տվյալների հիման վրա, նրա գնահատմամբ, 2022 թվականի վերջին և 2023 թվականի սկզբին ռազմաճակատում եղել է շուրջ 293 հազար մոբիլիզացված, 2024 թվականին՝ 246,3 հազար, իսկ 2025 թվականի կեսերին՝ 168,5 հազար։ Ներկայիս միտումների պահպանման դեպքում նրանց թիվը կարող է նվազած լինել մինչև շուրջ 100 հազար։
Կլյուգեն նշում է, որ մոբիլիզացվածների մի մասը հետագայում անցել է պայմանագրային ծառայության, սակայն նույնիսկ այդ պարագայում բյուջետային տվյալները վկայում են, որ ռուսական բանակը յուրաքանչյուր տարի կորցնում է Ուկրաինայում կռվող անձնակազմի զգալի մասը։
Միևնույն ժամանակ, պայմանագրային զինծառայողների թիվն աճել է՝ 2023 թվականի 230,4 հազարից հասնելով 554,8 հազարի 2025 թվականին։ Դա թույլ է տվել մեծացնել Ուկրաինայում գործող ռուսական զորախմբի ընդհանուր թվաքանակը՝ շուրջ 523,5 հազարից մինչև 723,4 հազար զինծառայող։
Փորձագետի հաշվարկներով՝ միայն 2025 թվականին պայմանագրային զինծառայողների «մշտական կորուստները» կազմել են շուրջ 251 հազար մարդ, մինչդեռ նույն տարում բանակ է ներգրավվել ավելի քան 385 հազար նոր պայմանագրային զինծառայող։
Կլյուգեն նաև նշում է, որ կորուստների մեծ ծավալը կարելի է նկատել նույնիսկ ռուս պաշտոնյաների հրապարակային հայտարարություններից։ Նրա գնահատմամբ՝ եթե համադրեն ռազմաճակատում գտնվող զորքերի թվի և ամեն տարի հավաքագրվող նոր պայմանագրայինների մասին պաշտոնական տվյալները, ստացվում է, որ Ռուսաստանի կորուստները «աղետալի» չափերի են հասնում։
Իր հերթին Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը (CSIS) գնահատում է, որ 2022 թվականի փետրվարից մինչև 2026 թվականի հունիսը Ռուսաստանը Ուկրաինայում կորցրել է շուրջ 1,4 միլիոն մարդ՝ ներառյալ զոհվածները, ծանր վիրավորներն ու անհետ կորածները։ Կենտրոնի գնահատմամբ՝ զոհվածների թիվը հասել է մոտ 450 հազարի։