Առաջիկա շաբաթներին Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի
ՀԷՑ-ից հաղորդագրություն են տարածել երեկ տեղի ունեցած խորհրդակցության վերաբերյալ․
«Օգոստոսի 3-ին «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարչի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին գլխավոր տնօրենի տեղակալները, մասնաճյուղերի տնօրենները, Երևան քաղաքի էներգաիրացման և սպասարկման դեպարտամենտի ղեկավար կազմը, ինչպես նաև շահագործման շրջանների ղեկավարները։
Քննարկման սկզբում կառավարիչը տեղեկացրեց, որ օրերս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանրային լսում։ Առաջիկա շաբաթների ընթացքում Կառավարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ կճանաչի։
Սահմանված կարգով կիրականացվի շուկայական արժեքի գնահատում, սեփականատերերը պաշտոնապես կծանուցվեն, կստանան փոխհատուցում, որից հետո ընկերությունը պետական գրանցում կստանա՝ որպես 100% պետական սեփականություն։
Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է, որ թեև բաշխման ցանցում պլանային աշխատանքների իրականացման միջին տևողությունը կրճատվել է, սակայն իրականացվող աշխատանքների արդյունավետության և վերահսկողության տեսանկյունից դեռևս կան խնդիրներ։
Ժամանակավոր կառավարիչը նշել է, որ բոլոր տեսուչները պարտավոր են 24 ժամ հասանելի լինել քաղաքացիներին և արագ արձագանքել բոլոր վթարների դեպքում՝ ապահովելով բաժանորդների անխափան էլեկտրամատակարարումը և պատշաճ իրազեկումը՝ վթարային և պլանային աշխատանքների վերաբերյալ։
Վթարավերականգնողական աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ տրվեն ոչ թե ժամանակավոր, այլ վերջնական և արդյունավետ լուծումներ՝ կանխարգելելով վթարների հնարավոր կրկնությունը։
Քննարկվեց նոր բաժանորդների՝ բաշխման ցանցին միանալու հայտերի ահռելի քանակը, ինչը մեծապես պայմանավորված է նաև ապրիլի վերջերին նոր բաժանորդ դառնալու սակագների էական նվազեցմամբ (մինչև 40%)։ Վերջին 2 ամսվա ընթացքում շուրջ 2500 նոր բաժանորդ է միացել բաշխման ցանցին, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 35%-ով։
Նոր բաժանորդների ցանցին միացման աշխատանքներն այս պահին իրականացվում են տարբեր եղանակներով, այդ թվում՝ կապալառու ընկերությունների միջոցով, ընկերության սեփական կարողություններով, ինչպես նաև նոր կնքված կապալի պայմանագրերով։
«ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նաև անդրադարձել է օրերս Երևանի Պապ թագավորի անվան փողոցում տեղի ունեցած մալուխագծի վթարին, որի առնչությամբ ՀԷՑ-ում ներքին հետաքննություն է իրականացվում։
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հետևողական է լինելու ՀՀ բոլոր համայնքներում իրականացվող բարեկարգման աշխատանքների պատշաճ իրականացմանը՝ կանխելու ընկերության սեփականության հանդիսացող էլեկտրամալուխների վնասումը և դրանց հետևանքով առաջացող հնարավոր վթարները։
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ Ռոմանոս Պետրոսյանը նշել է.
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ճգնաժամային կառավարման շրջափուլն այսօրվանից փոխակերպում ենք կայուն զարգացման մասշտաբային գործընթացի»։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...