Ձերբակալվել է Դիլիջանում շների ականջները կտրած անձը. նա ասել է պատճառը
Դիլիջանում մի քաղաքացի շների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:
Նշվում է, որ ոստիկանությունում դեպքի մասին օպերատիվ տեղեկությունները ստացվում են հունվարի 3-ին:
«Ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Դիլիջանի բաժին են հրավիրել Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Մ․Մ․-ին։ Վերջինս, փաստերի ճնշման տակ, խոստովանել է, որ դեկտեմբերի 31-ին Դիլիջանում՝ Մյասնիկյան փողոցում՝ մշակույթի տան հարակից տարածքում ինքն է դանակով կտրել 2 շան ականջներ»,– գրում է կայքը։
Նա հայտնել է, որ այդ քայլին է դիմել, քանի որ շները իրեն պատկանող տավարի մսից մի մաս կերել են, իսկ մի մասն էլ՝ հոշոտել։ Պարզվել է, որ հանցագործության գործիք դանակն էլ նա պահել է տանը։
Նշված արաքը կատարելու համար Մ․ Մ․-ն ոստիկանների կողմից ձերբակալվել և ներկայացվել է Քննչական կոմիտեի Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։