Իսրայելի զինվորականները մտադիր են մեծացնել հարձակումների ինտենսիվությունը Գազայի հատվածում
Իսրայելի զինվորականները մտադիր են մեծացնել հարձակումների ինտենսիվությունը Գազայի հատվածում արմատական ՀԱՄԱՍ խմբավորման թիրախների վրա՝ նախքան առաջարկվող ցամաքային գործողությունը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Դանիել Հագարին։ Նա կրկին Գազայի հյուսիսի բնակիչներին կոչ է արել տարհանվել՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ն իր գործողությունների համար օգտագործում է բնակելի շենքեր։
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը չի հայտնել ցամաքային գործողության ժամկետների մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ այն հետաձգվել է ԱՄՆ-ի խնդրանքով՝ ժամանակ տալ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններին։
Շաբաթ երեկոյան ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներն ասել են, որ ցանկանում են ազատ արձակել ևս երկու պատանդի, սակայն Իսրայելը մերժել է դա։ Թե ազատման ինչ պայմաններ է առաջադրել խումբը, չի հաղորդվում։ Նախօրեին հաղորդվում էր, որ առանց նախապայմանների ազատ են արձակվել ԱՄՆ-ի երկու քաղաքացի, ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ գերեվարված ավելի քան 200 մարդ պատանդ է պահվում։
Իսրայելական զինվորականներն ընդգծում են, որ Գազայի բնակիչները մահանում են, ի թիվս այլ բաների, պաղեստինյան արմատական խմբավորումների կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռների հետևանքով, որոնք շեղվում են ընթացքից: Նման միջադեպերից մեկը, իբր, հիվանդանոցի տարածքում տեղի ունեցած պայթյունն էր, որը, ըստ ԱՄՆ հետախուզության տվյալների, կարող էր 100-ից 300 մարդու կյանք խլել:
Associated Press-ը, վերլուծելով բազմաթիվ տեսանյութեր, եկել է նույն եզրակացության, ինչ իսրայելական կողմը. ըստ երևույթին, պայթյունի պատճառ է դարձել «Իսլամական ջիհադ» խմբավորման կողմից արձակված հրթիռի անկումը։ ՀԱՄԱՍ-ը, Պաղեստինի իշխանությունները և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ հարձակման համար մեղադրել են Իսրայելին: