ՀԱՄԱՍ–ի դեմ պատերազմը կլինի ծանր և երկար, բայց մենք կհաղթենք. Իսրայելի ԳՇ պետ
Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևին կարծում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պատերազմը երկար և դժվար է լինելու։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարվածից հետո նախաձեռնողականությունը իսրայելցի զինվորականների ձեռքում է:
«Պատերազմը կլինի ծանր և երկար, և Իսրայելի պաշտպանության բանակը կհաղթի այն», - գրել է Հերզի Հալևին իսրայելցի զինվորականներին ուղղված նամակում, որը մեջբերում է Times of Israel-ը:
«Մենք վնաս ենք հասցրել հակառակորդի ենթակառուցվածքին և ղեկավարությանը, և նա մեծ կորուստներ է կրել։ Մենք հարված ենք ստացել և դրա համար պատասխանատվություն ենք կրում, բայց այժմ նախաձեռնողականությունը մեր ձեռքերում է»,- նշվում է նամակում։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը, որը սկսվել է հոկտեմբերի 7-ի առավոտյան՝ պաղեստինցի գրոհայինների կողմից իսրայելական տարածքների վրա հարձակումով, շարունակվում է արդեն տասը օր։ Վերջին տվյալներով՝ այս ընթացքում Իսրայելում մահացել է 1,4 հազար մարդ, Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը։