Զելենսկին ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա կապել է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հետ և քննադատել Իրանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա կապել է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման հետ և քննադատել Իրանին երկու հակամարտությունների համար:

 

«Միակ տարբերությունն այն է, որ կա ահաբեկչական կազմակերպություն, որը հարձակվել է Իսրայելի վրա և ահաբեկչական պետություն, որը հարձակվել է Ուկրաինայի վրա: Հայտարարված մտադրությունները տարբեր են, բայց էությունը նույնն է»,- ասել է Զելենսկին Կոպենհագենում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում տեսահոլովակի միջոցով։

 

«Իրանը չի կարող ասել, որ կապ չունի այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, եթե Ռուսաստանին «Շահեդներ» (անօդաչու սարքեր) է վաճառում: Իրանը չի կարող ասել, որ կապ չունի այն ամենի հետ, ինչ կատարվում է Իսրայելում, եթե իր պաշտոնյաները հայտարարում են, որ սատարում են այն, ինչ կատարվում է Իսրայելում», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին։

 

Զելենսկին կոչ է արել Արևմուտքին միավորվել.  «Այժմ միջազգային ասպարեզից ներքին վեճերի մեջ նահանջելու ժամանակը չէ։ Մեկուսանալու ժամանակը չէ։ Ժամանակը չէ լռելու կամ ձևացնելու, թե մեկ մայրցամաքում ահաբեկչությունը չի ազդում համաշխարհային գործերի վրա»։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հետախուզական ծառայություններն օգնել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալներին հարձակում պլանավորել Իսրայելի դեմ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ավելի ուշ Իրանը հերքել է իր մասնակցությունը Իսրայելի վրա հարձակման պլանավորմանը կամ իրականացմանը։
 

 

 

Քաղաքականություն