5 տոննա մարդասիրական օգնություն` Ֆրանսիայից Հայաստանին
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի որոշմամբ ուղարկված հրատապ բժշկական օգնությունը փոխանցվեց ՀՀ առողջապահության նախարարությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից:
«Ֆրանսիան վճռականորեն հանձնառու է Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու հարցում և աջակցում է փախստականներին, ովքեր ստիպված են լքել իրենց հողն ու իրենց տները»,- տեղեկացնում են դեսպանությունից:
ՀՀ առողջապահության նախարարությունն էլ, տեղեկացնելով, որ մարդասիրական բեռը Ֆրանսիայից հասավ Հայաստան, հայտնում է` Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընդունել են 5 տոննա բեռը:
[e9aaab749c92143e0400e874966ffc3a.jpeg]
[c920bf959111eed820a2ffa469dd2b24.jpg]
«Նվիրատվությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղեր` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացած մեր հայրենակիցների բուժման համար: Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի գործընկերներին, ովքեր օգնում են Հայաստանին այս դժվար օրերը հաղթահարելու և հիվանդներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու հարցում»,- հայտնում են նախարարությունից:
Ինչպես հայտնել էինք` Ֆրանսիայից ուղարկվող 5 տոննա բժշկական օգնությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղորայք` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացածների բուժման համար:
[15c96b7c17927e024a08c0fd04b8a432.jpg]
[643b6d2dfc4e0a811e1f8c6423b55056.jpg]
Ավելի վաղ` սեպտեմբերի 26-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։ Դեսպանը նախարարին տեղեկացրել է, որ Ֆրանսիան բժշկական սարքավորումներ և պարագաներ կուղարկի պայթյունից տուժածների համար, նաև 7 մլն եվրո կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական կարիքների հաղթահարման նպատակով: