Գյումրի-Երևան ճանապարհին վթարի ենթարկված միկրոավտոբուսի ուղևորներից մեկը ՌԴ քաղաքացի էր

Այսօր կեսգիշերից հետո Գյումրի–Երևան ճանապարհին վթարի ենթարկված միկրոավտոբուսում 17 անձ է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

 

«Մահացած ուղևորներից մեկը ՌԴ քաղաքացի էր, ազգությամբ հայ»,– ասել է մարզպետը։

 

17 անձանցից 11-ը մահացել են, մեկին հենց գիշերն են տեղափոխել Երևան` թիվ 1 համալսարանական կլինիկա, մյուս 5–ին` «Գյումրի» ԲԿ։ Տուժածներից 3-ին այսօր առավոտյան տեղափոխել են մայրաքաղաքի բուժկենտրոններ, 1-ին` «Աստղիկ» ԲԿ, 2-ին` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն։

 

«Այս պահին Գյումրի ԲԿ տեղափոխված տուժածներից միայն երկուսն են շարունակում մնալ բուժհաստատությունում։ Մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր, երկուսն էլ տղամարդ են»,– նշել է մարզպետը։

 

Նա հավելել է, որ այս պահին քննարկվում է նաև Գյումրիում մնացած երկու տուժածներին տեղափոխելու հարցը։

 

Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում
բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։

 

Քաղաքականություն