Իրանը պարզաբանումներ է տվել ՄԱԳԱՏԷ-ին
Իրանը պարզաբանումներ է տվել ՄԱԳԱՏԷ-ին երկու տեղամասերի վերաբերյալ, որտեղ տեսուչները հայտնաբերել են ուրանի հետքեր։ Այս մասին գրում է Интерфакс-ը։
Երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ էսլամին ասել է, որ Թեհրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) պարզաբանումներ և փաստաթղթեր է ներկայացրել մնացած երկու օբյեկտների վերաբերյալ, որոնց առնչությամբ գործակալությունը կասկածներ ուներ Իրանի միջուկային չհայտարարված գործունեության առնչությամբ։
«Մենք ՄԱԳԱՏԷ-ին ներկայացրել ենք մանրամասն պատասխաններ, փաստեր և փաստաթղթեր մնացած երկու տեղանքների վերաբերյալ: Եթե դրանք չընդունվեն, մենք կշարունակենք պարզաբանել և լրացուցիչ ապացույցներ և փաստաթղթեր տրամադրել», - չորեքշաբթի լրագրողներին ասել է Էսլամին, որի խոսքերը մեջբերում են իրանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել էր, որ իր գործակալությունը Թեհրանից որևէ պարզաբանում չի ստացել Իրանում գործակալության տեսուչների կողմից ուրանի հետքերի վերաբերյալ երեք վայրերում, որոնք չեն կարող համարվել միջուկային օբյեկտներ։
Թեհրանի իրազեկ աղբյուրները ավելի ուշ հայտնել էին, որ մի շարք տեխնիկական բանակցությունների արդյունքում միջազգային գործակալությունը կասկածներ ունեցող վայրերի թիվը կրճատել է երկուսի։