Գումարային աննախադեպ հոսք՝ դեպի Ռուսաստան․ միլիոնավոր դոլարների գնումներ «Վայլդբերիզ»-ից․ News. am

Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից դեպի Ռուսաստան է փոխանցվել աննախադեպ՝ 303,1 մլն ԱՄՆ դոլար գումար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 79.6 տոկոսով կամ 134.3 մլն ԱՄՆ դոլարով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է՝ ուսումնասիրելով ՀՀ կենտրոնական բանկի կայքում հրապարակված պաշտոնական տվյալները։ 

 

Ուշագրավ է, որ միայն այս տարվա մայիս ամսին ֆիզիկական անձանց կողմից Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել 117,6 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2022 թվականի մայիսի համեմատ ավելի է 3,8 անգամ կամ 93,3 մլն ԱՄՆ դոլարով։ 

 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանել է, որ փոխանցումների աննախադեպ ծավալը հիմնականում պայմանավորված է ՀՀ քաղաքացիների կողմից «Վայլդբերիզ» օնլայն խանութից կատարած գնումների ծավալների աճով։
 

«Վերջին տարիների ընթացքում Հայաստանում կտրուկ ավելացել է ռուսական այս հարթակի միջոցով առցանց առևտրի ծավալները, ինչը պայմանավորված է հիմնականում առաջարկվող ապրանքների ցածր գներով և լայն տեսականիի առկայությամբ։ Այդ ակտիվությունը հաստատվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն բանկային փոխանցումների աճով»,-նշել է Պարսյանը։

 

Նշենք, որ վերջին շրջանում ՀՀ քաղաքացիները «Վայլդբերիզ»-ից  ցածր գներով ձեռք են բերում անգամ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ, այդ թվում՝ ալյուր, հնդկաձավար, մակարոնեղեն։ Իսկ ինչ վերաբերվում է ոչ պարենային ապրանքներին, ապա Հայաստանի բնակիչները, բացի հագուստից, կոշիկից, տնտեսական պարագաներից, սկսել են այս հարթակի միջոցով անգամ դեղորայք և մանկական տակդիրներ ձեռքբերել։ Արդյունքում «Վայլդբերիզ»-ի գրասենյակում ամենօրյա հերթեր են։

 

NEWS.am-ի տեղեկություններով՝ պահանջարկի ավելացման պայմաններում «Վայլդբերիզ»-ը առաջիկայում Հայաստանում կբացի իր պահեստը (Сортировочный центр), ինչն իր հերթին կնպաստի այս հարթակից գնումների աճին։