Ուժեղ քամու պատճառով ծառն ընկել է և վնասել գազատար խողովակը․ կա գազի արտահոսք
Հուլիսի 24-ին, ժամը 17։38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց Մարալիկ քաղաքի Կոմսոմոլ փողոցում ծառը կոտրվել և ընկել է գազատար խողովակի վրա․ առկա է գազի արտահոսք։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոմսոմոլ փողոցում ծառի ճյուղը ընկել է տներից մեկի բակում գտնվող գազատար խողովակի վրա և վնասել այն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հեռացրել ծառի կոտրված ճյուղերը:
Դեպքի վայրում գտնվող գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից նաև հայտնում են, որ ժամը 19:58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին ծառն ընկել է և ամբողջությամբ փակել ավտոճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին մոտ 10 մ երկարությամբ ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։
Փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։