Հասարակություն

«Ֆոլկլենդներն Արգենտինայինն են»․ Անգլիայի նկատմամբ հաղթանակի տոնակատարությունները հին վերքեր են բացել

«Ֆոլկլենդներն Արգենտինայինն են»․ Անգլիայի նկատմամբ հաղթանակի տոնակատարությունները հին վերքեր են բացել

Աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճելուց հետո Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները որոշել են ևս մեկ ուղերձ հղել Անգլիային, որին կիսաեզրափակիչում հաղթել էին 2։1 հաշվով։ Մարզաշապիկները հանած՝ նրանք խաղադաշտում ցուցադրել են «Las Malvinas son Argentinas»՝ «Մալվինյան կղզիներն Արգենտինայինն են» գրությամբ պաստառը։  Ֆոլկլենդյան կղզիները երկար տարիներ Միացյալ Թագավորության և Արգենտինայի միջև վեճի առարկա են։


Կղզիները բրիտանական տարածք են, սակայն Արգենտինան հավակնում է դրանց նկատմամբ ինքնիշխանության։ Տասնամյակներ շարունակ այս հարցը լարվածության պատճառ է եղել երկու երկրների միջև։ Վերջին տարիներին կողմերը հիմնականում փորձել են իրենց տարաձայնությունները պահել պաշտոնական դիրքորոշումների մակարդակում՝ խուսափելով վեճի սրումից։


Այժմ Արգենտինայի հավաքականը կարող է պատժամիջոցների ենթարկվել ՖԻՖԱ-ի կողմից։ Ֆուտբոլային կառույցի վարքականոնը մարզադաշտերում արգելում է քաղաքական, վիրավորական կամ խտրական բնույթի պաստառների, դրոշների, թռուցիկների, հագուստի և այլ պարագաների ցուցադրումը։


Վերլուծաբանների կարծիքով՝ ֆուտբոլիստների ցուցադրած պաստառը նաև ցույց է տալիս, որ Ֆոլկլենդյան կղզիների հարցը կրկին դառնում է Արգենտինայի ներքաղաքական օրակարգի կարևոր թեմաներից մեկը։ Դրան նպաստում են նախագահ Խավիեր Միլեյի կառավարության դիրքորոշումն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա սերտ հարաբերությունները։


Հաղթանակից հետո Արգենտինայի փոխնախագահ Վիկտորիա Վիլյառուելը X-ում գրել է․


«Մալվիններն արգենտինական են։ Նրանք արգելեցին դրանք տանել մարզադաշտ, սակայն մոռացան, որ մենք դրանք կրում ենք մեր արյան և սրտերի մեջ։

Վիլյառուելը Ֆոլկլենդյան պատերազմի մասնակցի դուստր է։ Խաղից առաջ նա անգլիացիներին անվանել էր «զավթիչ ծովահեններ։

Ես չեմ պատրաստվում քաղաքականապես կոռեկտ կամ սառնասիրտ լինել․ անգլիացիների դեմ խաղը միշտ ավելին է։ Դա Մալվիններն են, Դիեգոն է, Լեոյի վերջին առաջնությունն է և զավթիչներին կանգնեցնելը»,- գրել է նա։


Կղզիների պատկանելության շուրջ վեճը սկսվել է 19-րդ դարում։ Արգենտինան պնդում է, որ դրանք ժառանգել է Իսպանիայից։


Միացյալ Թագավորությունը, սակայն, կղզիները կառավարում է 1833 թվականից և իր հավակնությունը հիմնավորում է այնտեղ երկարատև ներկայությամբ։  1982 թվականի ապրիլին վեճը վերաճել է պատերազմի, երբ Արգենտինան գրավել է կղզիները՝ փորձելով վերահսկողություն հաստատել դրանց նկատմամբ։ 74 օր տևած մարտերի հետևանքով զոհվել է 655 արգենտինացի և 255 բրիտանացի զինծառայող։ Պատերազմն ավարտվել է Մեծ Բրիտանիայի կողմից կղզիների նկատմամբ վերահսկողության վերականգնմամբ։ Այդ պարտությունը մինչ օրս ցավոտ թեմա է բազմաթիվ արգենտինացիների համար։


Խաղին նախորդող օրերին, երբ երկու հավաքականները պատրաստվում էին 2002 թվականի աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ հանդիպել միմյանց, արգենտինացի պաշտոնյաները կրկին բարձրացրել էին այս հարցը։


Ի պատասխան՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսնակը The Telegraph-ին հայտարարել էր, որ Լոնդոնի դիրքորոշումը հստակ է․ «Ֆոլկլենդյան կղզիների բնակիչները բրիտանացիներ են և իրավունք ունեն ինքնուրույն որոշելու իրենց ապագան»։


2013 թվականին Ֆոլկլենդյան կղզիներում անցկացված հանրաքվեի ժամանակ բնակիչների 99,8 տոկոսը կողմ էր քվեարկել բրիտանական անդրծովյան տարածքի կարգավիճակը պահպանելուն։


Լուիզ Քլերի խոսքով՝ արշիպելագի կարգավիճակը միշտ եղել է արգենտինական ազգային ինքնության առանցքային հարցերից մեկը և այդպիսին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ վեճը չի լուծվել։


«Արգենտինայի հաջորդական կառավարությունների համար դա մշտապես խորհրդանշական նշանակություն է ունեցել՝ հաշվի առնելով, թե որքան կարևոր է այս ազգային խնդիրը արգենտինացիների համար»,- ասել է նա։


Քլերի գնահատմամբ՝ Անգլիայի նկատմամբ հաղթանակն Արգենտինայում ընկալվում է ոչ միայն որպես ֆուտբոլային հաջողություն, այլև որպես 1982 թվականի Ֆոլկլենդյան պատերազմում կրած պարտության համար յուրատեսակ հատուցում։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250