ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարիզի արվարձանում անկարգություններ են սկսվել ոստիկանի կողմից դեռահասի սպանությունից հետո

Փարիզի Նանտեր արվարձանում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանը սպանել է 17-ամյա դեռահասին։ Le Monde-ի փոխանցմամբ՝ արդեն ձերբակալվել է 20 մարդ։ 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հունիսի 27-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցը 17-ամյա դեռահասից պահանջել է կանգնեցնել մեքենան, որում նա եղել է երկու այլ ուղևորների հետ։ Դեռահասը հրաժարվել է ենթարկվել, և ոստիկանը կրակել է նրա վրա։ Տուժածը մահացել է. 

Հրաձիգը ձերբակալվել է դիտավորյալ սպանության կասկածանքով։ Բացի այդ, ըստ BFMTV-ի, սպանված դեռահասի վարած մեքենայի ուղեւորներից մեկը բերման է ենթարկվել, ևս մեկը հետախուզման մեջ է։ Հրատարակության տվյալներով՝ դեռահասը նախկինում նույնպես մեքենա է վարել առանց վկայականի և հրաժարվել կատարել ոստիկանության աշխատակիցների պահանջները։ 

Հունիսի 27-ի երեկոյան Նանտերում ոստիկանության շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել, որը վերածվել է անկարգությունների։ Ցուցարարներից ոմանք հրկիզել են բարիկադներ և աղբամաններ, ջարդել ավտոբուսի կանգառը և ճայթրուկներ նետել ոստիկանների ուղղությամբ։ 

Ի պատասխան ցուցարարների գործողությունների՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Le Monde-ը գրում է 20 ձերբակալվածների մասին։ BFMTV-ի տվյալներով՝ բերման է ենթարկվել 13 մարդ, մեկը վիրավորվել է։