Դա կարևոր է Հայաստանի համար. Ալիևի հայտարարությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով տարանցումը «բացառիկ նշանակություն» ունի Հայաստանի համար։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, փետրվարի 9-ին ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը նշել է, որ տրանսպորտային կապակցվածության զարգացման նախագծերը լայն հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի համար։
«Տրանսպորտային կապակցվածության զարգացման նախագծերը մեծ հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանի համար: Չնայած այն հանգամանքին, որ մենք 30 տարի հայկական ագրեսիայի եւ օկուպացիայի թիրախում էինք, հենց Ադրբեջանն է արել առաջին քայլը դեպի խաղաղություն: Մենք Հայաստանին խաղաղություն առաջարկեցինք, և խաղաղությունը հաստատվեց նախագահ Թրամփի աջակցությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին։
Եվ հիմա մենք ոչ միայն վերացրել ենք բեռների տարանցման բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան, քանի որ Հայաստանը չունի հուսալի տրանսպորտային եւ հաղորդակցային երթուղիներ, և Ադրբեջանի տարածքով տարանցումը նրանց համար բացառիկ նշանակություն ունի, այլեւ սկսել ենք նավթամթերք մատակարարել Հայաստան՝ համագործակցության առաջին հիմքերը դնելու համար»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի դառնա առճակատման ասպարեզ, այլ կլինի համագործակցության տարածք։ Ալիևը նշել է, որ այսօր Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները մտնում են նոր փուլ, և Ադրբեջանը շահագրգռված է ընկերությունների միջեւ ուղղակի կապերի հաստատմամբ։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը կարևոր դեր ունի բազմաթիվ երկրների էներգետիկ անվտանգության ապահովման գործում, որոնցից տասը Եվրոպական միության, իսկ տասնմեկը նաև ՆԱՏՕ-ի անդամ են։ Ալիևի խոսքով՝ այդ երկրների համար Ադրբեջանը վերածվում է ավելի նշանակալի գործընկերոջ։
Ադրբեջանի նախագահը նաև հայտնել է, որ այդ համագործակցությունը կարող է նպաստել այն երկրներին, որոնք բախվում են էլեկտրաէներգիայի եւ գազի հուսալի աղբյուրների պակասի։ Նրա խոսքով՝ իրականացվող նախագծերից մեկը վերաբերում է էլեկտրահաղորդման նոր գծերի կառուցմանը Ադրբեջանից դեպի Եվրոպա՝ Սեւ ծովի հատակով անցնող մալուխի միջոցով, ինչպես նաեւ TRIPP նախագծի շրջանակում։ Ալիևը նշել է, որ այս նախագիծը հնարավոր է դարձել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատումից հետո։





























