Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Լավրովի հետ հանդիպման մանրամասները

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց մտահոգությունները և ունեցել են նաև գործնական քննարկումներ։ Նրա խոսքով՝ քննարկումները վերաբերել են տարբեր ոլորտների՝ սկսած Հայաստանում ներդրումներից մինչև Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացում։ Սիմոնյանը նշել է, որ հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե։


ԱԺ նախագահը հայտնել է, որ տեղյակ չի եղել, թե հանդիպման որ հատվածն է փակ կամ բաց, ինչպես նաև չի իմացել, որ զրույցը հեռարձակվում է ուղիղ եթերով։


Սիմոնյանի խոսքով՝ կարճ անդրադարձ է եղել նաև TRIPP-ին՝ նշելով, որ խոսվել է տարբեր ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և շահագործման հնարավոր ներգրավվածության մասին։ Նա դա գնահատել է որպես լավ առաջարկ՝ ընդգծելով, որ ակնկալում է ռուսական կողմի արձագանքը։


Սիմոնյանը նշել է, որ Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է նաև Ռուսաստանի կողմից հնչող հայտարարությունների վերաբերյալ բոլոր մտահոգությունները, այդ թվում՝ Հայաստանի տարածքում հատուկ ռազմական գործողությունների մասին խոսակցությունները։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը հերթական անգամ վստահեցրել է, որ նման ծրագրեր չկան և դրանք առանձին անհատների հայտարարություններ են։


ԱԺ նախագահի խոսքով՝ ռուսական կողմը հայտնել է, որ շահագրգռված չէ Հայաստանի արտաքին կամ ներքին քաղաքականության մեջ, ինչպես նաև հանդիպման ընթացքում իշխող խմբակցությանը հաջողություն է մաղթել գալիք ընտրություններում։



Քաղաքականություն