Բաց դիտահորը Lexus-ի վարորդի համար դարձել է խոշոր ավտովթարի պատճառ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Երեկ՝ հունիսի 27-ին, ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, ՌԴ և Հայաստանի քաղաքացի 23-ամյա Հովհաննես Կարապետյանն իր վարած Lexus LX մակնիշի ավտոմեքենայով, Իսակովի պողոտայում, ընկել է ճանապարհի բաց դիտահորի մեջ, ապա չկարողանալով կառավարել ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատախիլ արել այն և առաջ ընթանալով մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Երթևեկության այդ խիստ ժամին, եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է տեղի ունենար շղթայական ավտովթար և չէր բացառվի, որ կլինեին նաև վիրավորներ, իսկ եթե Երևանի քաղաքապետարանն ու նշված հատվածը սպասարկող վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ժամանակին այդ դիտահորը, որն ամբողջությամբ լցված է ցեխով ու կեղտով, մաքրեին ու դիտահորի կափարիչը տեղադրեին՝ վթարը տեղի չէր ունենա:
«Գոնե այս դեպքից հետո պատկան մարմինները «ջայլամի կեցվածք» չընդունեն»,- նշում է լրատվականը։