Պետրակովը՝ հաղթանակի, իսկ Ուելսի ֆուտբոլիստը՝ Հայաստանից կրած պարտության մասին
Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին։ Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։ Մանրամասներն՝ այստեղ։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նշել է, որ խաղում մեր ընտրանին արժանի հաղթանակ տարավ։ «Ես եկել եմ Հայաստան, որպեսզի դուրս բերեմ հավաքականը որևէ խոշոր մրցաշար։ Խաղին շատ լուրջ էինք պատրաստվել։ Հունիսի 8-ից լավ մարզական հավաք ենք անցկացրել, ամսի 14-ին մեզ միացան Սելարայանն ու Բալեկյանը։ Ֆունկցիոնալ առումով լավ էինք պատրաստվել հանդիպմանը։ Կարծում եմ, այս խաղում արժանի հաղթանակ տարանք, գրեթե բոլոր գործոններով կարողացաք գերազանցել մրցակցին: Զարմացած չեմ խաղի արդյունքից։ Երեք օրից հանդիպում ունենք Լատվիայի հավաքականի հետ, եթե այսօր տոնենք հաղթանակը, իսկ հետո անհաջող խաղանք Լատվիայի հետ, այս հաղթանակը որևէ արժեք չի ունենա»,- ասաց Պետրակովը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Ուելսի հավաքականի ավագ Աարոն Ռեմսին խոսել է հանդիպման մասին։
«Վատ հանդիպում էր։ Մենք մի փոքր միամիտ էինք: Ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ ենք տանը 4 գոլ բաց թողել, և մենք կարող ենք միայն ներողություն խնդրել երկրպագուներից, որոնք այստեղ էին այս գիշեր: Մենք գիտեինք, որ նրանք ագրեսիվ էին լինելու առջևում։ Աշխատել էինք, թե ինչպես հաղթահարել պրեսինգը։ Մենք գոլ խփելու հնարավորություններ ստեղծեցինք, բայց չափազանց շատ գոլեր բաց թողեցինք, որոնք բոլորն էլ շատ նման էին, մենք շատ բաց էինք: Սա միանշանակ չի օգնում որակավորմանը, քանի որ պետք է հաղթել տնային խաղերում: Մենք պետք է ուշքի գանք, կան բաներ, որոնք պետք է ավելի լավ անենք, նախքան Թուրքիա մեկնելը։ Դեռ մի քանի խաղ կա, բայց այս մեկը ցավոտ կլինի: Մենք պետք է փորձենք ամեն ինչ կարգավորել և երկուշաբթի հաղթանակ տանել»,- Ռեմսիի խոսքն է մեջբերել BBC Radio Wales-ը: