Նոան հանդես է եկել հայտարարությամբ. երևանյան ակումբը դիմել է ՀՖՖ ղեկավարությանն
Հայաստանի գործող փոխչեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» նոր մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ պաշտոնական հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՖՖ ղեկավարությանն ու պատասխանատու ստորաբաժանումներին։
Ակումբը բարձրաձայնել է նախորդ մրցաշրջանում արձանագրված խնդիրները՝ պահանջելով հավասար և օբյեկտիվ վերաբերմունք, արդար մրցակցություն և բացառապես սպորտային սկզբունքների պահպանում։ Ներկայացնում ենք ակումբի հայտարարությունն ամբողջությամբ։
«ՀՖՖ նախագահ պարոն Արմեն Մելիքբեկյանին
ՀՖՖ գլխավոր քարտուղար պարոն Էդգար Պետրոսյանին
ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահ պարոն Սլավիկ Ղազարյանին
ՀՖՖ մրցավարական և տեսչական դեպարտամենտի պետ պարոն Արման Ալաբերքյանին
ՀՖՖ մրցումների բաժնի պետ պարոն Դավիթ Հարությունյանին
ՀՖՖ էթիկայի և կարգապահական կոմիտեի նախագահ պարոն Կարեն Հովհաննիսյանին
Շահագրգիռ մյուս բոլոր ստորաբաժանումներին և պաշտոնատար անձանց
Հարգելի՛ պարոնայք,
Հարգելի՛ ֆուտբոլային հանրություն,
Նախորդ մրցաշրջանի ընթացքում «Նոա» ֆուտբոլային ակումբը բազմիցս հրապարակայնորեն և պաշտոնական գրություններով բարձրաձայնել է մրցավարության, խաղերի կազմակերպման, ինչպես նաև կարգապահական և էթիկական ընթացակարգերի կիրառման վերաբերյալ իր մտահոգությունները։ Մեր գնահատմամբ՝ մի շարք դեպքերում արձանագրվել են իրավիճակներ, որոնք հիմնավոր հարցեր են առաջացրել որոշումների հետևողականության, օբյեկտիվության և բոլոր մասնակիցների նկատմամբ հավասար վերաբերմունքի ապահովման վերաբերյալ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխությունները, մասնավորապես՝ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հրաժարականը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հայտարարությունը, որ նա չի առաջադրելու իր թեկնածությունը հաջորդ ընտրություններում, կարևոր փուլ են հայկական ֆուտբոլի համար։ Հենց այս պայմաններում առավել քան երբևէ կարևոր է, որ նոր մրցաշրջանը մեկնարկի արդար մրցակցության, անկախության և փոխադարձ վստահության մթնոլորտում։
«Նոա» ֆուտբոլային ակումբը երբեք չի ակնկալել արտոնություն կամ առանձնահատուկ վերաբերմունք ստանալը։ Մեր ակնկալիքը եղել և մնում է միայն մեկ սկզբունք՝ բոլոր ակումբների նկատմամբ հավասար, օբյեկտիվ և կանխատեսելի մոտեցում՝ գործող կանոնակարգերի և սպորտային արդարության սկզբունքների լիարժեք պահպանմամբ։
Հատկանշական է, որ նախորդ մրցաշրջանում մեր կողմից բարձրաձայնված մտահոգություններից հետո «Նոայի» մասնակցությամբ երեք հանդիպումներ սպասարկվեցին արտասահմանցի մրցավարների կողմից։ Այդ հանդիպումներից երկուսում «Նոան» տարավ խոշոր հաղթանակներ, իսկ երրորդն ավարտվեց ոչ-ոքի։ Միևնույն ժամանակ, այդ հանդիպումներից երկուսում մեր թիմը չստացավ որևէ դեղին քարտ, ինչը «Նոայի» համար բացառիկ դեպք էր՝ հաշվի առնելով մրցաշրջանի ընթացքում ձևավորված ընդհանուր պատկերը։ Սակայն մենք համոզված ենք, որ հայկական մրցավարությունն ունի անհրաժեշտ ներուժը նույնպիսի բարձր չափանիշներով հանդիպումներ սպասարկելու համար, ինչպիսին նշված խաղերն էին։
Ոգևորիչ փաստ է, որ Հայաստանի բոլոր չորս ներկայացուցիչները հանդես էին գալիս եվրոպական մրցաշարերի երկրորդ փուլում։ Սա հայկական ակումբային ֆուտբոլի ընդհանուր ձեռքբերումն է, որը, վստահ ենք, կմոտիվացնի բոլորիս ավելի եռանդուն աշխատել հանուն հայկական ֆուտբոլի։ Մենք ցանկանում ենք, որ առաջիկա տարիներին միջազգային հարթակում ավելի մեծ ներկայություն ունենան ոչ միայն հայկական ակումբները, այլև հայ մրցավարները։ Կցանկանայինք նրանց տեսնել ՈՒԵՖԱ-ի բարձր կատեգորիաներում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի կարևոր հանդիպումներում։
Համոզված ենք, որ ուժեղ և վստահություն ներշնչող ներքին առաջնությունը լավագույն հիմքն է թե՛ հայկական ակումբների, թե՛ հայ մրցավարների միջազգային հաջողությունների համար։ Որակյալ առաջնությունը նաև ազգային հավաքականի հիմնասյունն է:
Նոր մրցաշրջանի մեկնարկին ընդառաջ «Նոա» ֆուտբոլային ակումբն ակնկալում է, որ մրցավարությանը, խաղերի կազմակերպմանը, կարգապահական և էթիկայի հարցերին վերաբերող բոլոր գործընթացները կիրականացվեն բացառապես գործող կանոնակարգերին, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի սկզբունքներին համապատասխան՝ ապահովելով լիարժեք օբյեկտիվություն, հետևողականություն, թափանցիկություն և անկախություն։
Մեր նպատակը մեկն է՝ ունենալ մրցակցային և արդար առաջնություն, որտեղ մարզական արդյունքները որոշվում են բացառապես խաղադաշտում, այլ ոչ խաղադաշտից դուրս որևէ ազդեցությամբ։ Կոչ ենք անում բոլոր պատասխանատու պաշտոնատար անձանց մրցաշրջանի առաջին խաղից մինչև վերջինը գործել բացառապես բարձրագույն պրոֆեսիոնալիզմի, անկախության, անաչառության և պատասխանատվության սկզբունքներով։
Արդարությունը խնդրանք կամ արտոնություն չէ։ Այն յուրաքանչյուր մրցաշարի կազմակերպչի հիմնարար պարտավորությունն է և յուրաքանչյուր ակումբի անքակտելի իրավունքը։ Եկեք փոխադարձ հարգանքի մթնոլորտում համագործակցենք՝ հանուն ավելի արդար և ավելի մրցունակ հայկական ֆուտբոլի։
Հարգանքով՝
«Նոա» ֆուտբոլային ակումբ»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։