Հայաստանի հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Ուելսին

Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին։ Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։ 

Առաջին խաղակեսից հետո մեր ընտրանին հաղթում էր 2-1 հաշվով։ «Քարդիֆ Սիթի» ստադիոնում ընթացող խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեցին տանտերերը․ աչքի ընկավ կիսապաշտպան Դենիել Ջեյմսը։ 

Բայց րոպեներ անց հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրեց Լուկաս Սելարայանը՝ իր առաջին գոլը խփելով ազգային հավաքականի կազմում։ 

Իսկ 30-րդ րոպեին Հրանտ-Լեոն Ռանոսը հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական խաղում արդեն մեր ընտրանուն հաշվի մեջ առաջ մղեց՝ 2-1։ 

Հայաստանի հավաքականը հանդիպումը սկսել էր հետևյալ կազմով․ Չանչարևիչ – Թիկնիզյան, Չալըշըր, Մկրտչյան, Հարությունյան, Դաշյան – Իվու, Սելարայան, Սպերցյան, Բարսեղյան – Հրանտ-Լեոն Ռանոս։ «Ալաշկերտի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կազմում։ Հիշեցնենք, որ 33-ամյա Օգնյեն Չանչարևիչը, որն արդեն 5 տարի է՝ խաղում է Հայաստանում՝ «Ալաշկերտում», ՀՀ քաղաքացիություն է ստացել և առաջին անգամ հրավիրվել ազգային հավաքական։ 

Հանդիպման մեկնարկից մեկ ժամ անց՝ 60-րդ րոպեին, մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կրկնակի փոփոխություն կատարեց․ խաղադաշտ դուրս եկան Վահան Բիչախչյանը և Վարազդատ Հարոյանը։ Քիչ անց Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլ գրանցեց իր հաշվին՝ մեծացնելով Հայաստանի հավաքականի առավելությունն այս խաղում՝ 3-1։ 

Բայց 73-րդ րոպեին բրիտանացիները նորից կրճատեցին հաշվի տարբերությունը․ աչքի ընկավ Ուիլսոնը։ 

Սակայն ուելսցիների ուրախությունը երկար չտևեց․ Սելարայանը, ինչպես և Ռանոսը, րոպեներ անց ևս իր հաշվին դուբլ գրանցեց․ հանդիպման ավարտից 15 րոպե առաջ մարզադաշտի լուսատախտակին հաշիվն արդեն 2-4 էր և այդ թվերը խաղի մնացած ժամանակահատվածում մնացին անփոփոխ․․․ 

Հանդիպումից հետո ՀՖՖ մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել ազգային հավաքականի հանդերձարանից։ 

Այսպիսով՝ Հայաստանի հավաքականն առաջին միավորներն է վաստակում Եվրո-2024-ի ընտրական փուլում՝ մրցակցի հարկի տակ հաղթելով ԱԱ-2022-ի մասնակից Ուելսի հավաքականին։ Չանչարևիչի նորամուտը հաղթական ստացվեց, Ռանոսը հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական և երկրորդ խաղում անընդմեջ դուբլ է ձևակերպում, իսկ Սելարայանն ընդհանրապես առաջին գոլերն է խփում մեր ընտրանու կազմում, այս խաղում իր ակտիվում գրանցելով նաև գոլային փոխանցում։ Սա նաև առաջին հաղթանակն էր պաշտոնական խաղում Ալեքսանդր Պետրակովի համար Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ 

Հաջորդ հանդիպումը մեր հավաքականը կանցկացնի Երևանում՝ հունիսի 19-ին հյուրընկալելով Լատվիայի ընտրանուն։