Fox News-ից հեռացած Թաքեր Կարլսոնը` ամերիկյան մեդիայում արգելված թեմաների մասին

Որոշ թեմաներ չեն լուսաբանվում ամերիկյան ԶԼՄ-ներում, դրանք չեն թույլատրվում քննարկել լրատվամիջոցներում, ասել է Թաքեր Կարլսոնը՝ Fox News-ի նախկին հաղորդավարը, ով աշխատանքից ազատվել է ապրիլի 24-ին։  Այս մասին նա խոսել է Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսաուղերձում։

 

Այդ թեմաներից նա թվարկել է ժողովրդագրական փոփոխությունները, ազգային ռեսուրսները, քաղաքացիական ազատությունները, գիտության զարգացումը։  Նրա խոսքով` դրանք «ապագան որոշող հարցեր են», որոնց քննարկումը, սակայն, «անթույլատրելի է ամերիկյան լրատվամիջոցներում»։  

 

Դա տեղի է ունենում Միացյալ Նահանգների երկու քաղաքական կուսակցությունների և նրանց դոնորների թելադրանքով, ասել է Կարլսոնը:

 

Բացի այդ, լրագրողն ասել է, որ «բանավեճերը», որոնք այժմ ընթանում են երկրի ԶԼՄ-ներում, «անհավանական հիմարություն են», «բոլորովին անտեղի» և «ոչինչ չեն նշանակում»։  Նա կարծում է, որ հինգ տարի հետո դրանց մասին չեն էլ հիշի։


Նախկին հաղորդավարը չի նշել Fox News-ի հետ կապված իրավիճակը, իսկ վերջում հավելել՝ շուտով կհանդիպենք։


Կարլսոնը 2016 թվականից վարել է Tucker Carlson Tonight-ը Fox News հեռուստաալիքով:  Այն ամերիկյան հեռուստատեսության ամենահայտնի շոուներից մեկն էր և իր վարկանիշով գերազանցում էր CNN-ի և MSNBC-ի շոուներին, նշում է NBC News-ը:  

 

Fox News-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Կարլսոնի հեռանալու որոշումը կայացվել է հեռուստահաղորդավարի և հեռուստաալիքի ղեկավարության համաձայնությամբ։

 

Հաղորդավարը բազմիցս քննադատել է ամերիկյան վարչակազմի գործողությունները։

 

Անցյալ հունիսին նա ասել է, որ երկրի վարչակազմը միտումնավոր դրդում է Եվրամիությանը էմբարգո սահմանել ռուսական նավթի ներկրման վրա.  ապրիլին նա խոսել է ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայի կրած ձախողումների և դրա հետ կապված ԱՄՆ-ի «խուճապի» մասին։

Քաղաքականություն