Հասարակություն

Վաշտի կացարանում զոհված զինծառայողների ծնողները կհանդիպեն զինդատախազի հետ

Վաշտի կացարանում զոհված զինծառայողների ծնողները կհանդիպեն զինդատախազի հետ

Ազատ գյուղի զորամասի կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները մարտին կհանդիպեն ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ծնողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը` հավելելով, որ նախապես դիմում էին ներկայացրել զինդատախազին հանդիպելու համար։ 


«Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջել էին նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարարի հետ, սակայն վերջիններս, ըստ էության, այս փուլում նպատակահարմար չեն համարել հանդիպել ծնողների հետ»,–գրել է փաստաբանը։ 
Նորիկյանը նաև հայտնել է, որ զոհված զինծառայողների ծնողները հետամուտ են լինելու վարչապետի և պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը` պարզաբանումներ ստանալու համար։ 


Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։ 


Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։ 
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։ 


Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ 


Փետրվարի 17–ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է նախաձեռնել ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250