Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Կուզեի հավատալ խաղաղությանը. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ տեղյակ չէ համացանցում քննարկվող այն նյութերից, որոնք վերաբերում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայությանը զորամասի ճաշարանի բացմանը։ Նա անփութություն է համարել պաշտպանության նախկին ու ապագա նախարարների մասին խոսելը՝ հավելելով, որ գործող նախարարին գնահատական տալը ճիշտ չէ, քանի որ ինքը չգիտի, թե նա հիմա ինչ իրադրության մեջ է գործում։ Խաղաղության պահպանմանն անդրադառնալով՝ նախկին պաշտոնյան այն անվանել է մեծ խնդիր։ Իսկ այն հարցին, թե ՔՊ-ի սահմանադրական մեծամասնություն չունենալու դեպքում սեպտեմբերին աղետալի պատերազմ լինելու մասին վարչապետի հայտարարություններից հետո ժողովուրդն ինչ պետք է անի, Տոնոյանը հորդորել է հարցն ուղղել հենց վարչապետին՝ նշելով, որ նա ունեցել է իր գնահատականը, որից հետո պատասխան է տվել, իսկ ինքը չի ցանկանում ընդլայնվել այդ թեմայի շուրջ։


Դավիթ Տոնոյանի ձևակերպմամբ՝ Հայաստանը նոր անվտանգային սպառնալիքներին կարող է դիմակայել միայն ու միայն մարտունակ բանակի պարագայում։ Թեև գոյություն ունեն նաև այլ պարամետրեր, առաջնայինը զինված ուժերի մարտունակությունն է։ Նա նշել է, որ ուշադիր նայել է զորահանդեսը զենքերի առումով, սակայն այս պահին չի կարող գնահատել բանակի մարտունակությունն ու իրականացվող բարեփոխումները, որովհետև չի տիրապետում ներքին տեղեկատվությանը, իսկ առանց դրա՝ հայացքով նման գնահատական տալը նախկին պաշտպանության նախարարի կողմից լուրջ չէ։


Անդրադառնալով Հիքմեթ Հաջիևի՝ Դիլիջան կատարած այցին, Ադրբեջանի փոխվարչապետի՝ Հայաստան գալուն և սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներին՝ Տոնոյանը հայտնել է, որ գործընթացը հավասար պայմաններում իրականացնելը հնարավոր է։ Դրա համար անհրաժեշտ է, որ հայաստանյան կողմից մասնագիտական ներուժը ճիշտ օգտագործվի և իր ջանքերը գործադրի սահմանազատումը ճիշտ իրականացնելու համար։ Ըստ նրա՝ եթե կա քաղաքական որոշում, որ Հայաստանի ու Ադրբեջանի հանրապետությունները պետք է խաղաղության մեջ ապրեն, ապա սահմանազատումն անհրաժեշտ է, քանի որ չսահմանազատված տարածքները միշտ կարող են բացասական գործողությունների խցան դառնալ։ Նա դժվարացել է ասել՝ այս տարի խաղաղություն կստորագրվի, թե ոչ, բայց հնարավոր է համարել սահմանազատման հետ կապված որոշ աշխատանքների իրականացումը, քանի որ դա բացի անվտանգային բաղադրիչից նաև տնտեսական խնդիր է։ Խաղաղության հնարավորության վերաբերյալ նա նշել է, որ կուզեր հավատալ։


Խոսելով ընտրությունների և իր սատարած քաղաքական ուժի մասին՝ Տոնոյանը հայտնել է, որ սպասելիքներն իր գնահատմամբ շատ ավելի գոհացուցիչ են, ինքն ավելի վատ արդյունք էր ակնկալում, բայց ավելի լավ ստացվեց։ Ընդդիմադիր ձայների առումով նա նկատել է, որ Ազգային ժողովն ավելի հավասարակշռված է դարձել, քան նախկինում էր։ Նրա կարծիքով՝ երբ կա ուժեղ ընդդիմություն, դա կարևոր է, իսկ «Բարգավաճի» պարագայում երեք հինգերորդի հարց ու շատ այլ խնդիրներ էին առաջանալու, մինչդեռ հիմա բավականին հավասարակշռված է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250