Վրաստանը արտաքսել է Ռուսաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացիների
Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը հայտնել է, որ հուլիսի սկզբից երկրից արտաքսվել է 54 օտարերկրյա քաղաքացի, որոնց թվում են նաև Ռուսաստանի քաղաքացիներ։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ արտաքսվածների թվում կան նաև Ադրբեջանի, Բելառուսի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Նիգերիայի, Պակիստանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ֆիլիպինների և մի շարք այլ երկրների քաղաքացիներ։
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ արտաքսված բոլոր անձանց արգելվել է կրկին մուտք գործել Վրաստան։
Վերջին ամիսներին Վրաստանի իշխանությունները խստացրել են անօրինական միգրացիայի դեմ պայքարը։ Այդ նպատակով երկրի խորհրդարանն ընդունել է օրենսդրական փոփոխություններ, որոնք պարզեցնում են օտարերկրացիների արտաքսման ընթացակարգերը, ինչպես նաև ընդլայնում են միգրացիոն վերահսկողության հնարավորությունները։
Վրաստանի ՆԳՆ-ն պարբերաբար հրապարակում է երկրից արտաքսված օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ տվյալներ։