Պելեի հրաժեշտի արարողությանը ավելի քան 230 հազար մարդ է մասնակցել
Բրազիլիայում ավարտվել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի հրաժեշտի արարողությունը, ով մահացել է դեկտեմբերի 29-ին երկարատեւ հիվանդությունից հետո։ Սգո թափորը հեռացել է «Սանթոս» ֆուտբոլային ակումբի մարզադաշտից, որտեղ քաղաքացիական հոգեհանգստի արարողություն էր անցկացվում։ Այս մասին հայտնում է G1 պորտալը, որը հեռարձակում է իրականացրել դեպքի վայրից։
Արարողության ավարտին ֆուտբոլիստի դագաղը դրվել է հրշեջ մեքենայի տանիքին և ծածկվել Բրազիլիայի դրոշով։ Ավտոշարասյունը ուղեկցվում է ռազմական ոստիկանության մոտոցիկլավարների պատվավոր ուղեկցությամբ և կանցնի քաղաքի փողոցներով, այդ թվում՝ տան մոտով, որտեղ դեռ ապրում է մարզիկի հարյուրամյա մայրը։ Ֆուտբոլի լեգենդին կհուղարկավորեն աշխարհի ամենաբարձր ուղղահայաց նեկրոպոլում՝ «Էկումենիկա»-ում։
Արարողության կազմակերպիչների խոսքով՝ մեկ օրում Պելեին հրաժեշտ է տվել ավելի քան 230 հազար մարդ, իսկ երկուշաբթի և երեքշաբթի օրը տեղանքի հարակից փողոցները մարդաշատ են եղել։ Նրա մարմնով դագաղը դրվել է հարթակի վրա՝ հովանու տակ՝ մարզադաշտի կենտրոնական շրջանակում, որտեղ նա իր դեբյուտը նշել է «Սանթոս» ակումբում 1956 թվականին։
Հիշեցնենք, որ Պելեն մահացել է դեկտեմբերի 29-ին 82 տարեկան հասակում։ Դեռ անցյալ տարվա սեպտեմբերին նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի ուռուցք։ 2022 թվականի նոյեմբերին մարզիկը չնախատեսված հոսպիտալացվել է մարմնի ընդհանուր այտուցով, սրտի անբավարարությամբ։ Հետո տեղեկություններ եղան, որ Պելեի մարմինը դադարել է արձագանքել քիմիաթերապիային։ Նրան ցուցաբերվել է միայն պալիատիվ բուժում։