Իրանը քննադատել է Չինաստանի և Սաուդյան Արաբիայի համատեղ հայտարարությունը

Իրանը քննադատել է Չինաստանի եւ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների համատեղ հայտարարությունը` այն անվանելով Խորհրդի ձախողված իրանաֆոբ քաղաքականության շարունակություն։ 

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարությունն անվանել է Խորհրդի անդամների «իզուր փորձ»՝ «թաքցնելու իրենց ֆինանսական, քաղաքական եւ նյութատեխնիկական աջակցությունը տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումներին»։ 

Պաշտոնյան անդրադարձել է Խորհրդի մի շարք անդամների «քայքայիչ քաղաքականության» հետեւանքով բնակիչներին հասցված հսկայական նյութական եւ մարդկային կորուստներին՝ կոչ անելով վերանայել իրենց մոտեցումները տարածաշրջանային խնդիրների նկատմամբ եւ «կառուցողական» դիրքորոշում ընդունել։ 

Հայտարարությունն արվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում Խորհրդի 43-րդ գագաթաժողովի ավարտին, որը համընկել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ թագավորություն կատարած պաշտոնական այցի ավարտի հետ։ 

Իրենց հայտարարության մեջ համագործակցության խորհրդի անդամները վերահաստատել են իրենց աջակցությունը Արաբական Միացյալ Էմիրությունների ջանքերին՝ հասնելու իրանական ծոցի երեք՝ Աբու Մուսա, Փոքր Թունբ եւ Մեծ Թունբ կղզիների հարցի «խաղաղ լուծմանը»: 

Քանանին վերահաստատել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը կղզիների նկատմամբ՝ դրանք անվանելով Իսլամական Հանրապետության տարածքի «անբաժանելի եւ մշտական» մաս, հաղորդում է Press TV-ն։ 

«Իրանի Իսլամական Հանրապետությունը կղզիների նկատմամբ ցանկացած հավակնություն համարում է ապակայունացնող քայլ, միջամտություն իր ներքին գործերին եւ տարածքային ինքնիշխանության ոտնահարում ու խստորեն դատապարտում է դա»,- ասել է ԱԳՆ խոսնակը։ 

Խորհրդի հայտարարությամ Իրանը մեղադրվել է նաեւ «միջազգային ջրային ուղիների եւ նավթային կայանքների անվտանգությանը սպառնալիք լինելու համար»: 

Քանանին ասել է, որ Իսլամական Հանրապետության զինված ուժերը վճռական են տարածաշրջանային ջրերի ծովային անվտանգությունը պահպանելու հարցում, եւ նման հայտարարությունները չեն կարող սասանել իրենց երկրի եւ տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու վճռականությունը: 

Քանանին նշել է նաեւ, որ Թեհրանում Չինաստանի դեսպան Չանգ Հուան հրավիրվել է ԱԳՆ՝ խորհրդի գագաթաժողովին Չինաստանի նախագահի մասնակցությունից հետո։ 

Հանդիպման ընթացքում, նրա խոսքով, Իսլամական Հանրապետությունն իր «խորը դժգոհությունն» է հայտնել Իրանի տարածքային ամբողջականության վերաբերյալ վերջնական հայտարարության միջամտողական մոտեցման կապակցությամբ՝ վերահաստատելով Պարսից ծոցում գտնվող երեք կղզիների Իրանի օրինական տիրապետությունը: 

«Ինչպես Իրանի տարածքի ցանկացած այլ հատված, երեք կղզիները երբեք չեն եղել եւ չեն լինելու որեւէ երկրի հետ բանակցությունների առարկա», - ասել է նա: 

Իր հերթին, Չինաստանի ներկայացուցիչը վերահաստատել է Պեկինի հարգանքը Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ՝ ասելով, որ Սի Ծինփինը գագաթաժողովի ընթացքում այցելել է Էր Ռիադ՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հետագա խթանման եւ բանակցությունները որպես տարածաշրջանային կարգավորման գործիք խթանելու Պեկինի ջանքերի շրջանակում: Դեսպանը հավելել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանի նկատմամբ Պեկինի արտաքին քաղաքականությունը հիմնված է «հավասարակշռության» վրա՝ նշելով, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխվարչապետի առաջիկա այցը Իրան կհաստատի վերոնշյալ մոտեցումը։ 

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ երեք կղզիները՝ Աբու Մուսա, Մեծ Թունբ եւ Փոքր Թունբ, Իրանի տարածքի հավերժ մասն են եւ ընդգծել է Իրանի տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։ 

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը թվիթերյան իր էջում գրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի խուսափի որեւէ կողմի դեմ որեւէ գործողություն ձեռնարկելուց, անկախ նրանից, թե ով է դա, երբ խոսքը վերաբերում է իր տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությանը: 

Չինաստանի եւ Սաուդյան Արաբիայի հայտարարությունից վրդովված է նաեւ նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով փոխտնօրեն Մոհամմադ Ջամշիդին։ 

«Հիշեցում Պեկինի գործընկերներին. մինչ Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ի հետ միասին, աջակցում էր ԻՊ-ին/Ալ-Քաիդային Սիրիայում եւ վատ էր վերաբերվում Եմենին, Իրանը պայքարում էր ահաբեկչական խմբավորումների դեմ՝ վերականգնելու տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը եւ կանխելու անկայունության տարածումը ինչպես Արեւելքում, այնպես էլ Արեւմուտքում»,- գրել է Ջամշիդին Twitter-ի իր օգտահաշվում:

Քաղաքականություն

Պատահարներ