«Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանման վայրերից մեկը հրդեհվում է․ Նոր Զելանդիա
«Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանման վայրերից մեկը շարունակում է հրդեհվել։ Նոր Զելանդիայի Տոնգարիրո ազգային պարկում ուժգին քամիների պատճառով կրակն արագորեն տարածվում է։ Հրդեհի պատճառով զբոսաշրջիկները տարհանվում են: Հրդեհաշիջման համար ներգրավված են տասնյակ օդային և ցամաքային ուժեր։
Նոր Զելանդիայի հյուսիսային կղզում գտնվող Տոնգարիրո ազգային պարկում անտառային հրդեհի մակերեսը հասել է 2,5 հազար հեկտարի։ Հրշեջ ծառայությունները հայտնում են, որ ուժգին քամիների պատճառով՝ կրակի մարման աշխատանքները դժվարանում են։
Տոնգարիրոն երկրի ամենահայտնի զբոսաշրջային գոտիներից մեկն է, և հրդեհի առաջին օրվանից փրկարարները ստիպված են եղել տարհանել տասնյակ զբոսաշրջիկների, ովքեր գտնվել են արահետների վրա։ Հրշեջ ջոկատները շարունակում են պայքարը ինչպես ցամաքից, այնպես էլ օդից, սակայն աշխատանքները ժամանակավորապես դադարեցվում և նորից վերսկսվում են անվտանգության նկատառումներով։
Իշխանությունները հետևում են հրդեհի ուղղությանը և պատրաստ են անհրաժեշտության դեպքում կազմակերպել լրացուցիչ տարհանում։ Համացանցում հրապարակված կադրերում օդից կարելի է տեսնել, որ կրակը տարածվում է գծի երկայնքով՝ կազմելով ծխե պատ։






























