Հայտնի է՝ ինչ հրաման է տվել Պուտինը ՌԴ զորքերին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հրաման չի տվել սկսելու նախապատրաստական աշխատանքները» միջուկային փորձարկումների ուղղությամբ։ Նրա խոսքով՝ նման որոշումը կկայացվի միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգներն իրականացնի փորձարկումներ։


«Նախ, մենք պետք է հասկանանք, թե արդյոք անհրաժեշտ է դա անել։ Սա պետք է լինի շատ լուրջ, հիմնավորված և կշռադատված որոշում։ Ահա թե ինչի վրա են հիմա աշխատելու մեր մասնագետները»,– նշել է Պեսկովը։


Օրեր առաջ Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում հանձնարարել էր հավաքել լրացուցիչ տեղեկություններ ԱՄՆ միջուկային փորձարկումների ծրագրերի վերաբերյալ և ներկայացնել առաջարկներ Ռուսաստանի կողմից նման աշխատանքների հնարավոր մեկնարկի մասին։


Նիստից առաջ ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատարությունը հայտարարել էր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման մասին, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել։ Իսկ  Պուտինը հայտնել էր «Պոսեյդոն» ստորջրյա սարքի և «Բուրեվեստնիկ» հրթիռի հաջող փորձարկման մասին, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել էր Պենտագոնին վերսկսել միջուկային փորձարկումները։


Պուտինի հանձնարարականը տրվել էր պաշտպանության նախարարի առաջարկից հետո՝ անհապաղ լայնածավալ միջուկային փորձարկումների նախապատրաստման նպատակով։


ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, անցկացրել են ստորգետնյա միջուկային փորձարկումներ, սակայն Չինաստանի արտգործնախարարությունը հերքել էր այս պնդումը։


Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան դեռ չի հասկանում, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ «Ռուսաստանը և Չինաստանը միջուկային զենք չեն փորձարկում»։