Էրդողանը հիշեցրել է Թուրքիայի աջակցությունը Բաքվին և նշել խաղաղության միտումները տարածաշրջանում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Արցախում գրանցվող առաջընթացն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջնորդության արդյունքն է։ Թուրքիայի ղեկավարն այս մասին խոսել է Ադրբեջանից վերադառնալիս՝ ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելիս։ Նրա խոսքով, Ադրբեջանի հաղթանակը Արցախում կարևոր ձեռքբերում էր ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան սկզբից ի վեր աջակցել է Բաքվին։
«Մենք ասում էինք՝ Թուրքիան մինչև վերջ կանգնած է Ադրբեջանի կողքին, և մենք մեր խոսքը պահեցինք»,– ասել է Էրդողանը։
Նա նշել է նաև, որ ռազմական գործողությունների ավարտից հետո տարածաշրջանում նկատվում են խաղաղության և զարգացման միտումներ։ Ըստ Էրդողանի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն Անկարան իրականացնում է Բաքվի հետ համաժամանակյա։
«Հաղթանակից հետո փչում են խաղաղության քամիները, և Թուրքիան ուրախ է դրա համար»,– հավելել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը գոհունակություն է հայտնել Արցախում վերականգնման և բարեփոխումների ընթացքից՝ ընդգծելով դրանց նշանակությունը տարածաշրջանի կայունության համար։






























